Հարավային Կորեան կվերսկսի մարդասիրական օգնության մատակարարումները ԿԺԴՀ-ին
Հարավային Կորեայի նոր կառավարությունը մտադիր է զարգացնել կապերը ԿԺԴՀ-ի հետ՝ չնայած նրա կողմից իրականացվող՝ բալիստիկ հրթիռների արձակումներին: Սեուլում լրագրողների համար կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության միավորման նախարարության պաշտոնական ներկայացուցիչ
Լի Դոկ Հենը:
«Երկկողմ հարաբերությունների ամբողջական սառեցումը բացասաբար է ազդում Կորեական թերակղզու անվտանգության բնագավառի իրադրության վրա, նշել է նա: Ուստի Սեուլը ճկուն մոտեցում կցուցաբերի Հյուսիսի հետ քաղաքացիական փոխանակումների եւ համագործակցության գլխավոր հարցերի նկատմամբ, սակայն այնպես, որ չխախտի Փենյանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները»:
Հարավկորեացի փորձագետներն այս առնչությամբ նշում են, որ հնչեցված մոտեցումը հակադրվում է Կորեայի Հանրապետության երկու նախորդ վարչակազմերի գործողություններին, որոնց օրոք դադարեցվել է ԿԺԴՀ-ի հետ ցանկացած փոխգործակցությունը, իսկ դրա փոխարեն օգտագործվել են սոսկ պատժամիջոցները եւ այլ տեսակի ճնշումներ:
Քաղաքագետները միավորման նախարարության հայտարարությունն ընկալել են որպես քաղաքացիական փոխանակումները եւ Հյուսիսին մարդասիրական օգնության մատակարարումները վերսկսելու Սեուլի պատրաստակամության ակնարկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: