
Հորդանանը պատրաստ է աջակցել Գերմանիային իր զինվորներին թուրքական ռազմաբազայից տեղափոխելու հարցում

Հորդանանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցանկացած օգնություն ու աջակցություն ցուցաբերել Գերմանիային, եթե վերջինս որոշում կայացնի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերել իր զինվորներին, վառելիքի վերալիցքավորման օդանավերն ու Tornado տեսակի հետախուզական ինքնաթիռները: Ինչպես հաղորդում է
Deutsche Welle-ն, այս մասին Հորդանան կատարած այցից հետո հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Նա այցելել է Հորդանանում գտնվող ռազմաբազա, որը դիտարկվում է որպես այլընտրանք Ինջիրլիքին: Այցելությունից հետո տված հարցազրույցում նա հայտնել է, որ Հորդանանի իշխանությունները օգնելու պատրաստակամություն են ցուցաբերել՝ ասելով, որ պատրաստ են աջակցել գերմանացի զինվորներին Ինջիրլիքից Հորդանան տեղափոխելու հարցում: Ֆոն դեր Լեյենը հայտնել է նաև, որ գերմանական բանակի ռազմական փորձագետն ասել է, որ Հորդանանի ավիաբազան հարմար է գերմանացի զինվորների համար։