2016թ. Թուրքիայում ծնելիության մակարդակը նկատելիորեն նվազել է
Թուրքիայի վիճակագրական ընկերության (ԹՎԸ-TÜİK) տվյալների համաձայն՝ 2016թ. ծնելիությունը այս երկրում կտրուկ նվազել է: «CNNTürk»-ի տեղեկացմամբ՝ 2015թ. յուրաքանչյուր 10.000 բնակչին բաժին էր ընկնում 170 նորածին, իսկ 2016թ. այդ հարաբերությունն արդեն կազմել է 165/10.000:
Ընկերության կողմից հրապարակված զեկույցում նշվել են նաև Թուրքիայի՝ ամենաբարձր և ամենացածր ծնելիություն ունեցող նահանգները: Ըստ այդմ՝ 2016թ. ծնելիության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շանլըուրֆա նահանգում՝ 329/10.000, իսկ ամենացածր մակարդակը՝ Քարաբյուքում (98/10.000):
2015թ. Թուրքիայում ողջ ծնված երեխաների թիվը կազմել է 1 մլն 333.329, իսկ 2016թ.՝ 1 մլն 309.771: Ընդ որում, ողջ ծնված երեխաների մեջ տղաների ու աղջիկների հարաբերությունը կազմել է 51.3 / 48.7 տոկոսը:
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում կանանց պտղաբերության գործակիցը 2.15-ից (2015թ.) իջել է 2.10-ի (2016թ.): Ընդ որում, 2016թ. ընթացքում ամենաբարձր պտղաբերության գործակիցը գրանցվել է Շանլըուրֆայում (4.33), իսկ ամենացածրը՝ Քարաբյուքում (1.46):
Ուշագրավ է, որ պտղաբերության գործակիցը հատկապես բարձր է 25-29 տարիքային խմբում: Այս խմբի յուրաքանչյուր 1.000 կնոջը բաժին ընկնող նորածինների թիվը 2016թ. կազմել է 133, մինչդեռ 2011թ. այդ ցուցանիշը հավասար է եղել 125-ի:
Դեռահասների (15-19 տարիքայի խումբ) ծնելիության մակարդակը 2011թ. (32/1.000) համեմատ նկատելիորեն նվազել է՝ 2016թ. կազմելով 24/1.000: