Ջոնի Դեփը գլխավոր դերը կկատարի McAfee ընկերության հիմնադիրի մասին ֆիլմում
Ամերիկացի կինոդերասան Ջոնի Դեփն էկրանին մարմնավորելու է էքսցենտրիկ ծրագրավորող Ջոն Մաքքաֆին, որն ավելի հայտնի է որպես McAfee հակավիրուսային ծրագրային ապահովման մշակող ընկերության հիմնադիր: Նրա մասին պլանավորվում է ֆիլմ նկարահանել, որը կկրի «Ջունգլիների արքան» անվանումը: Այդ մասին
հայտնել է The Hollywood Reporter հանդեսը:
Ապագա կինոնկարը պատկանում է «սեւ կատակերգությունների» ժանրին: Որպես սյուժե է ընտրվել Wired մասնագիտացված հանդեսի հոդվածը, որում պատմվում էր, թե ինչպես է Մաքքաֆին վաճառել իր ստեղծած ընկերությունը եւ մեկնել մենակյաց կյանք վարելու Բելիզի ջունգլիներում:
Ժապավենի սցենարը հանձնարարվել է գրել Սքոթ Ալեքսանդերին եւ Լարի Կարացեւսկուն, որոնք կշարունակեն «Էդ Վուդ» ֆիլմի նկարահանումներում (1994 թ.) սկսված համագործակցությունը, որի գլխավոր դերերում հանդես են եկել Դեփը եւ Մարտին Լանդաուն:
Ռեժիսորներ են ընտրվել Գլեն Ֆիքարան եւ Ջոն Ռեքուան, որոնք նկարահանել են «Այդ հիմար սերը» (2011 թ.) ժապավենը՝ Սթիվ Քարելի, Ռայան Հոսլինգի Ջուլիանա Մուրի եւ Էմմա Սթոունի մասնակցությամբ:
Մաքքաֆին ծնվել է 1945 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում տեղակայված ԱՄՆ-ի ռազմակայանում, նա դաստիարակվել է Միացյալ Նահանգների Վիրջինիայի նահանգում: Տաղանդավոր ծրագրավորողը կարիերան սկսել է օդանագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ԱՄՆ-ի ազգային վարչությունում, այնուհետեւ աշխատել է մի քանի մասնավոր ընկերություններում՝ մինչեւ 1987 թվականին սեփական ֆիրմայի հիմնումը: 1994 թվականին նա McAfee-ն վաճառել է Intel միկրոպրոցեսորների արտադրողին: Ֆիրման ավելի ուշ անվանափոխվել է, սակայն նրա արտադրանքը մինչ այժմ թողարկում է McAfee ապրանքանիշով:
Մաքքաֆիի կարողությունը 2007 թվականին աճել է մինչեւ 100 մլն դոլար: Շուտով ծավալված գլոբալ ֆինանսական ճգնաժամը զգալի վնաս է հասցրել ձեռնարկատիրոջը, որը մի քանի տարով մեկնել է Բելիզ, բայց ստիպված է եղել ԱՄՆ վերադառնալ 2013 թվականին իշխանությունների հետ ունեցած մի շարք կոնֆլիկտներից հետո: Անցյալ տարի ծրագրավորողը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն էր առաջադրել Լիբերտարիանական կուսակցությունից, բայց նախընտրական մրցարշավի առաջին փուլում զիջեց Նյու Մեքսիկոյի նահանգի նախկին նահանգապետ Հերի Ջոնսոնին:
53-ամյա Դեփը երեք անգամ «Օսկար» մրցանակի է անվանակարգվել «Տղամարդու լավագույն դերի» համար՝ 2004 թվականին «Կարիբյան ծովի ծովահենները.
Սեւ մարգարտի նզովքը» ֆիլմի, 2005 թվականին՝ «Կախարդական երկիր» կինոնկարի եւ 2008 թվականին՝ «Սուինի Թոդ, դեւ վարսավիրը՝ Ֆլիթսթրիթից» ժապավենի համար: Ընդամենն իր կարիերայի ընթացքում նա ստացել է ավելի քան 65 կինոմրցանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: