ՀՀ անկախության և Հայաստանի ու Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համաժողով
Մայիսի 16-ին Իտալիայի Հանրապետության Սենատի «Ջուստինիանի» պալատի «Ձուկկարի» սրահում կայացավ համաժողով՝ նվիրված ՀՀ անկախության և Հայաստանի ու Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, որը կրում էր «Հայաստան 25 տարի. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագիրը և, Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ համագործակցաբար, կազմակերպվել էր Իտալիայում Հայաստանի դեսպանության կողմից:
Համաժողովը, որին ներկա էին Իտալիայի քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, դիվանագետներ, համայնքային կառույցների և ԶԼՄ ներկայացուցիչներ, վարում էր Սենատի՝ ԵՄ քաղաքականության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, սենատոր Վանինո Կիտին:
Համաժողովին ելույթ ունեցավ Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ով իր խոսքում հակիրճ ներկայացրեց երկու հազարամյակի պատմություն ունեցող հայ-իտալական համատեղ անցյալը, հիշատակելով նաև հայկական համայնքի երկարատև ներկայությունը, ինչը հիմք հանդիսացան ժամանակակից հարաբերությունները զարգացնելու համար: Նա անդրադարձ կատարեց միջպետական հարաբերություններում անցած 25 տարիների ընթացքում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններին, ս.թ. հունիսի 7-ին կայանալիք հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի աշխատանքներին, ինչպես նաև Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունների բազմաբնույթ օրակարգի այլ հարցերին:
Համաժողովի բանախոսների թվում էին նաև Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, սենատոր Բենեդետտո Դելլա Վեդովան, Իտալիայի Սենատի Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ, սենատոր Էմիլիա Գրացիա Դե Բիազին և Պատգամավորների պալատի համանախագահ Ֆլավիա Պիկկոլի Նարդելին, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, պատգամավոր Պաոլո Ալին, Սենատի արտաքին հարաբերությունների և միգրացիայի մշտական հանձնաժողովի անդամ Էմմա Ֆատտորինին, Հայաստանի Ազգային ժողովի նախորդ նստաշրջանի բարեկամության խմբի հայկական կողմի համանախագահ Կորյուն Նահապետյանը, Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազլյանը, սենատորներ և պատգամավորներ:
Բանախոսներն անդրադարձան Իտալիա-Հայաստան պատմական առնչություններին և բազմադարյա բարեկամությանը, անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի արձանագրած առաջընթացին, հայ-իտալական հարաբերությունների ձեռքբերումներին և հեռանկարներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, միջխորհրդարանական հարաբերություններին և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Համաժողովը եզրափակվեց Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությամբ: