Բաժիններ՝

Ասանժը մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայում

Vikileaks­-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մտադիր է խնդրել Ֆրանսիային՝ քաղաքական ապաստան տրամադրել իրեն: Այդ մասին նրա փաստաբան Ժուլիան Բրանկոն հայտնել է France Info ռադիոկայանին:

«Կարծում եմ, որ Ֆրանսիային հարկ է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այդ հարցին եւ քաղաքական ապաստան տրամադրել Ասանժին»,­-ասել է փաստաբանը:

2012 թվականից Ասանժն ապրում է Լոնդոնում՝ իրեն ապաստան տրամադրելու համաձայնված Էկվադորի դեսպանատանը: Ինչպես արդեն հաղորդվել է, Շվեդիայի դատախազությունը մայիսի 19­-ին դադարեցրել է Ասանժի դեմ գործի հետաքննությունը, որը մեղադրվում էր բռնաբարության մեջ: Բացի այդ Շվեդիայի դատախազությունը դատարան խնդրագիր է ուղարկել Ասանժի կալանագիրը չեղյալ հայտարարելու մասին: Մայիսի 19-­ը վերջին օրն էր, երբ դատախազությունը պետք է կա՛մ պահանջեր երկարաձգել կալանագրի գործողության ժամկետը, կա՛մ խնդրեր դրա հետկանչումը:

Մինչդեռ Լոնդոնի ոստիկանությունը սպառնում է ձերբակալել Ասանժին, եթե վերջինս հեռանա Էկվադորի դեսպանատնից: «Վեստմինստերյան մագիստրատական դատարանը Ջուլիան Ասանժի կալանագիր Է տվել այն բանից հետո, երբ նա 2012 թվականի հունիսի 29-ին հրաժարվեց հանձնվել դատարանին: Լոնդոնի ոստիկանությունը պարտավոր Է կատարել այդ կալանագրին վերաբերող պարտավորությունները, եթե ֆիգուրանտը հեռանա դեսպանատնից»,­-ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Ասանժը մերժում է բոլոր մեղադրանքները եւ պնդում, որ 2010 թվականին երկու կանանց բռնաբարելու մեղադրանքով իրեն Շվեդիայի արդարադատությանը հանձնելու դեպքում իրեն կարտահանձնեն ԱՄՆ: Վաշինգտոնում կարծում են, որ WikiLeaks-­ի հիմնադիրը պետք է դատարանի առջեւ կանգնի ԱՄՆ-­ի հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս