ԱՀԿ-ն հայտնել է Եմենում խոլերայի բռնկման 242 զոհերի մասին
Եմենի 18 նահանգներում խոլերայի բռնկման զոհերի թիվը հասել է 242-ի: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Ավելի վաղ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) պատվիրակությունը հայտնել էր Եմենում խոլերայից 209 մահացածների մասին՝ նշելով հիվանդության հետ կապված մահերի «տագնապալի աճը»:
«Խոլերայով վարակման դեպքերի աննախադեպ աճ է դիտվում Եմենում: Հաղորդվում է վարակման ավելի քան 23,4 հազար հնարավոր դեպքերի մասին, նաեւ տեղեկատվություն է ստացվել երկրի 18 նահանգներում 242 զոհերի մասին»,-ասված է Twitter միկրոբոգում կազմակերպության հաղորդագրության մեջ:
Եմենի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հումանիտար կազմակերպություններին հորդորել Է օգնություն ցույց տալ համաճարակի դեմ պայքարում՝ «աննախադեպ աղետից» խուսափելու նպատակով, նշել է Reuters գործակալությունը: Ինչպես հայտնել է Եմենի Saba գործակալությունը, երկրում առողջապահության համակարգը խիստ տուժել է Եմենում մի քանի տարի շարունակվող հակամարտության պատճառով, եւ ուժերը չեն ներում հաղթահարելու խնդիրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: