Բաժիններ՝

Թրամփն առաջին արտասահմանյան շրջագայությանն է մեկնում ԱՄՆ-­ի նախագահի կարգավիճակում

ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19­-ին շրջագայության է մեկնում Մերձավոր Արեւելքի երկրներ եւ Եվրոպա, որը կդառնա նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունը պետության ղեկավարի պաշտոնում։

Սպասվում է, որ մայիսի 20­-ին ԱՄՆ-­ի ղեկավարը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում հանդիպում կունենա այդ երկրի Սալման բեն Աբդել Ազիզ աս Սաուդ թագավորի հետ: Երեկոյան Թրամփը եւ նրա տիկինը՝ Մելանյան, հրավիրված են թագավորական ընտանիքի հետ հանդիսավոր պաշտոնական ընթրիքի:

Հաջորդ օրը պլանավորված են ԱՄՆ­-ի նախագահի հանդիպումները Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ղեկավարների հետ: Մայիսի 21­-ի կեսօրին Թրամփը ճառով հանդես կգա 50­-ից ավելի իսլամական երկրների ղեկավարների առջեւ:

Թրամփի հաջորդ կանգառը կլինի Իսրայելում, ուր նա ուղեւորվելու է մայիսի 22­-ին: Երուսաղեմում նա հանդիպում կունենա Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ: Նա կայցելի Հոլոքոստի «Յադ վա­Շեմ» թանգարան, ավելի ուշ նրան կընդունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Մայիսի 23-­ին Միացյալ Նահանգների նախագահը Բեթղեհեմում հանդիպում կանցկացնի Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի
հետ:

Մայիսի 24­-ին ԱՄՆ-­ի նախագահը կայցելի Վատիկան, որտեղ նրան կընդունի Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Հռոմից Բրյուսել ուղեւորվելուց առաջ Թրամփը հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ: Մայիսի 25-­ին Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ­-ի գագաթնաժողովը: Գագաթնաժողովի շրջանակներում, մասնավորապես, ճաշկերույթ թ պլանավորված Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սա կլինի երկու ղեկավարների առաջին հանդիպումը:

Բացի այդ, Բելգիայի մայրաքաղաքում կկայանան Թրամփի հանդիպումները Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ, ինչպես նաեւ Բելգիայի Ֆիլիպ թագավորի եւ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ:

Նախքան Իտալիա վերադառնալը, որտեղ մայիսի 26­-27-­ին կանցկացվի «յոթի խմբի» գագաթնաժողովը, ԱՄՆ­-ի նախագահը եւ ԱՄՆ-­ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը կմասնակցեն ՆԱՏՕ­ի անդամ երկրների ղեկավարների համար կազմակերպվող հանդիսավոր ընթրիքին:

Սպասվում է, որ G-7-­ի գագաթնաժողովում Դոնալդ Թրամփը «կպաշտպանի Ամերիկայի տնտեսական առաջատարությունը, ինչպես նաեւ ուշադրություն կհատկացնի առեւտրի հարցերին»: Մայիսի 27-­ին ԱՄՆ­-ի նախագահը կվերադառնա Վաշինգտոն, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս