Ում էր ուղղված Սերժ Սարգսյանի ելույթը
«Ելույթում շատ սիրուն բաներ են գրած, ճռճռան ճառ է»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը՝ ամփոփելով ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի ժամանակ հնչած նախագահի ելույթը:
Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ այս ելույթն ուղղված է ոչ թե Հայաստանի քաղաքացուն, այլ ուղղված է արտաքին աշխարհին: Ընդ որում՝ արտաքին աշխարհին այդ տեքստը դուր է գալիս, բայց նրանք էլ չեն հավատում: «Այդ ելույթը գրողը Հայաստանում չի ապրել. այդ մարդն այս աշխարհից չէ»:
Ըստ քաղաքագետի՝ պատճառներից մեկը, թե ինչո՞ւ ելույթն ուղղված չէ ՀՀ քաղաքացուն, այն է, որ ՀՀ քաղաքացին չի որոշել այն կազմը, որը խորհրդարանում հավաքվել է:
Նրա կարծիքով՝ ելույթն ասվեց, որովհետև պիտի ասվեր: Բայց կարելի էր հնչեցնել մտքեր ու առաջարկներ, որոնք իրականություն կդառնան: «Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ համոզում չկա, որ արդյունքի կհասնեն: Բացի Ղարաբաղի հարցից, որը, հավատում եմ, որ ճիշտ է, մնացած հարցերում տխուր է: Նախագահի ելույթը պիտի հավատ առաջացնի, հույս առաջացնի քաղաքացիների մոտ: Իսկ սա լավ չի, այսպիսի ելույթներով 4 մլն-ի չենք հասնի»:
Ասուլիսի մյուս բանախոս Կարեն Քոչարյանը նախագահի ելույթը համարում է ծրագրային: Նա ևս համաձայն է, որ ելույթն ուղղված չէր ժողովրդին.
«Սա մեսիջ էր՝ ուղղված էլիտաներին, ուղղված էր քաղաքական դաշտին, օլիգարխիային, բիզնես համակարգին, անվտանգության ապահովման ստրուկտուրաներին»:
Սերժ Սարգսյանի ելույթի՝ ծրագրային լինելու վերաբերյալ քաղաքագետ Վիգեն Խաչատրյանն ասաց, որ մինչև հիմա շատ ծրագրային կետեր են ասվել, բայց ոչ մեկն իրականություն չի դարձել:
Անի Թորոսյան