Բաժիններ՝

Մերկելը ժողովրդականությամբ վստահորեն գերազանցում է Շուլցին. Politbarometer Extra

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագի ընտրություններից չորս ամիս առաջ ժողովրդականությամբ վստահորեն գերազանցում է Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցին: Բուդեսթագի ընտրությունները Գերմանիայում նշանակված են սեպտեմբերի 24­-ին: Դրանց արդյունքներով կձեւավորվի կառավարություն եւ կհայտարարվի կանցլերը (կառավարության ղեկավարը):

Politbarometer Extra-­ի հարցման տվյալների համաձայն, որն անցկացվել է ZDF հեռուստաալիքի պատվերով, Մերկելի օգտին պատրաստ է իր ձայնը տալ Գերմանիայի բնակիչների 57 տոկոսն այն դեպքում, երբ Շուլցի օգտին պատրաստ է քվեարկել 33 տոկոսը:

Մերկելը նաեւ վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ գլխավորել է տասը ամենակարեւոր գերմանացի քաղաքական գործիչների վարկանիշը: Ցուցակի երկրորդ տեղում ԳՖՀ-­ի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն է, երրորդում Բադեն­-Վյուրտեմբերգի երկրամասի վարչապետ Վինֆրիդ Կրեչմանը («Կանաչներ»), արտաքին գործերի նախարար Զիմգար Գաբրիելը եւ ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը զբաղեցրել են չորրորդ եւ հինգերորդ դիրքերը:

Ինչ վերաբերում է կուսակցությունների ընթացիկ վարկանիշներին, ապա Քրիստոնեադեմոկրատական միությանը (ՔԴՄ)՝ Մերկելի գլխավորությամբ, պատրաստ է աջակցել հարցման մասնակիցների 38 տոկոսը, իսկ Շուլցի Գերմանիայի սոցիալ­-դեմոկրատական կուսակցությանը (ԳՍԴԿ)՝ 27 տոկոսը: Դաշնային խորհրդարան են անցնում նաեւ «Ձախերը» (9 տոկոս), ազատ դեմոկրատները (8 տոկոս), «Կանաչները» եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» եվրասկեպտիկների կուսակցությունը (7 տոկոս):

Չնայած կուսակցությունների բավականին կայուն վարկանիշներին, հարցվածների միայն 33 տոկոսն է այն կարծիքին, որ խորհրդարանական ընտրությունների ելքն արդեն պարզ է, մեծամասնությունը (66 տոկոսը) պաշտպանում է հակառակ տեսակետը: Դրա հետ մեկտեղ մասնակիցների 73 տոկոսն ակնկալում է ՔԴՄ­-ի հաղթանակը, եւ միայն 9 տոկոսը ԳՍԴԿ-­ի հաղթանակի հույս ունի: Եվս 5 տոկոսը շարունակում է հավատալ մյուս կուսակցությունների ներուժին:

Հարցումն անցկացվել է մայիսի 16­-ից մինչեւ 18-­ը. դրան մասնակցել են Գերմանիայի 1344 չափահաս բնակիչներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս