«2-3 ամիս հետո կտեսնեք՝ ԱԺ-ում քանի քաղաքական գործիչ կա. մոտավորապես 15-16 արդեն ջոկել եմ». Գալուստ Սահակյան

Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ այս խորհրդարանը լավ կաշխատի:

ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ելույթը «Ելքի» կողմից բոյոկտելը Գ.Սահակյանը «պրիմիտիվ մոտեցում» անվանեց. «Քաղաքական ուժերը մտածում են՝ ինչ գործողություն կատարեն, որպեսզի ավելի տեսանելի դառնան ժողովրդի կողմից»:

Ըստ նրա` նոր օրենքով ԱԺ նախագահի համար նաև փոփոխելու կանոնակարգ գոյություն ունի, իսկ ԱԺ նախագահն ընդամենը կազմակերպում է խորհրդարանի աշխատանքը: Քաղաքականությունից Գ.Սահակյանը չի հոգնել. «Դա այն մասնագիտությունը չէ, որ ինչ-որ ժամանակ ձեռք ես բերում բուհերում, այլ դա կենսափորձդ է, որը տանում է նրան, որ ժողովուրդն ավելի լավ ապրի, անընդհատ պայքարում ես այդ ուղղությամբ»:

Դիտարկմանը, որ ԱԺ նախագահի երիտասարդացում չի եղել, Գ.Սահակյանը պատասխանեց. «Խորհրդարանում և աշխարհի կառավարման պրոցեսներում աշխարհը միշտ ղեկավարում են տարիքով մեծերը, ովքեր երիտասարդ են, փորձ են ձեռք բերում, որ շարունակեն ղեկավարումը: ԱԺ պատգամավորը պետք է կենսափորձ ունենա: Իհարկե, կարող են նաև երիտասարդներ էլ լինեն, որ ինչ-որ ժամանակ աճեն և կենսափորձ հավաքեն: Կարծում եմ, մի 2-3 ամիս հետո արդեն կտեսնեք խորհրդարանում, թե քանի քաղաքական գործիչ կա: Այսպես որ նայում եմ , մոտավորապես 15-16 արդեն ջոկել եմ, որ քաղաքական գործիչ են, ժամանակի ընթացքում եկել են, փորձ են ձեռք բերել և կկարողանան այստեղ աշխատել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս