«Եղել է, որ իմպրովիզացիա եմ արել՝ օկտավաներ եմ փոխել, տեղում այլ ելքեր եմ գտել, բայց վերջացրել եմ…»
Նարեկ Հախնազարյանը 28 տարեկան է, թավջութակահար, Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթի ոսկե մեդալակիր, «The Washington Post» թերթի կողմից «ֆենոմեն» գնահատված, տաղանդավոր մի երիտասարդ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Նարեկը խոսեց իր անցած ուղղու, առաջիկա անելիքների, իր հետաքրքրությունների և մրցույթների ժամանակ ստացած բարձր գնահատանքի ու մրցանակների մասին։
– Ինչպե՞ս հասկացաք, որ հենց թավջութակն է Ձեր գործիքը։
– Մայրիկս է որոշել, որ պետք է թավջութակ սովորեմ։ Հակասելով հորս կամքին` որպեսզի ես շարունակեմ իր ուղղությունը և դառնամ ջութակահար, ինձ մի օր տարավ և տվեց թավջութակի դասարան։ Բոլորն ապշել էին, որովհետև այդ ժամանակ՝ 1990-ականների կեսերին թավջութակն այն գործիքն էր, որ երեխան սովորում էր, եթե չէր հավաքել բավական միավորներ դաշնամուրի կամ ջութակի բաժիններում։ Բոլորը զարմացած էին, որ երկու հարգված պրոֆեսորների որդին իր կամքով դառնում է թավջութակահար։
Երևի, մորս մոտ բնազդաբար ստացվեց, որ ես պետք է հենց թավջութակ նվագեմ։ Մի քանի տարի անց, երբ արդ են այդ գամմաներն ու էտյուդները սովորելուց հետո սկսեցի հետաքրքիր, սիրված ստեղծագործություններ նվագել՝ սիրահարվեցի այդ գործիքին։ Այժմ կյանքս չեմ պատկերացնում առանց թավջութակի։
– Իսկ ի՞նչ գործիք կնախընտրեիք, եթե Ձեզ չուղղորդեին։
– Ես ֆուտբոլ կխաղայի (ծիծաղում է)։ Բայց, եթե լուրջ, ապա, երևի, հենց թավջութակը կնախընտրեի։ Երբ փոքր էի՝ չէի ցանկանում երաժիշտ դառնալ, և ինձ համար այդ ժամանակ այդ ամենը շատ նորմալ էր, քանի որ շատ ձանձրալի էր 6-7 տարեկանում սովորել գամմաները և վարժությունները։ Բայց, այնուամենայնիվ, պետք է անել, եթե պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու նպատակ կա։
– Ի՞նչ այլ երաժշտական գործիքների եք տիրապետում։
– Դաշնամուր եմ նվագում, մի քանի երգ կիթառով, մի քանի թեմաներ կարող եմ նաև սաքսոֆոնով նվագել։
– Արդե՞ն քանի տարի է, որ ելույթներ եք ունենում միջազգային հարթակներում։
– Տարբեր համերգների սկսել եմ մասնակցել 10-11 տարեկանից։ Ինձ հրավիրում էին ընդհանուր համերգում մեկ կամ երկու ստեղծագործություն նվագելու։ Իսկ մենահամերգներով հանդես եմ եկել 14-15 տարեկանից։
– Ի՞նչ հետաքրքիր դեպքեր են եղել համերգների կամ մենահամերգների ժամանակ։
– Մի քանի անգամ, օրինակ, եղել է, որ գործընկերների հետ բեմի հետևում իրար անեկդոտներ ենք պատմել կամ հումորներ արել, հետո հենց բեմում ամենապատասխանատու պահին նայել ենք միմյանց դեմքերին ու հազիվ կարողացել զսպել ծիծաղը: Եվ շարունակել ենք նվագել։
Տարբեր զավեշտալի դեպքեր են լինում՝ մի քանի անգամ համերգի ընթացքում լարեր են պոկվել, աղեղն է սահել։ Ամենակարևորն է, որ այդպիսի դեպքերում շատ արագ կողմնորոշվես կամ կարողանաս շարունակել ու վերջացնել գոնե այն հատվածը, որ նվագում էիր, կամ դադարեցնել նվագը, քանի որ ուրիշ ելք չկա։
Բարեբախտաբար, այդ դեպքերի մեծ մասի ժամանակ կարողացել եմ ինձ տիրապետել և վերջացնել ստեղծագործությունը։ Եղել է, որ իմպրովիզացիա եմ արել՝ օկտավաներ եմ փոխել, տեղում այլ ելքեր եմ գտել, բայց վերջացրել եմ։ Նվագելուց հետո գնացել և բեմի հետևում նոր լար եմ հագցրել թավջութակիս։ Մի քանի անգամ պատահել է, որ դահլիճում լույսն անջատվել է, և բացարձակ մթության մեջ եմ նվագել։ Միևնույն է, հիմնականում աչքերս փակ են լինում, այնպես որ սովոր եմ մթության մեջ նվագել (ծիծաղում է)։
– Որո՞նք են Ձեր ստացած ամենակարևոր մեդալները։
– Իմ ստացած բոլոր մեդալները չեն նայվում` Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի մեդալի կողքին։ Ես մի շարք մրցույթներում հաղթել եմ, բայց, բացի կոչումից, ֆինանսական պարգևատրումից ու մեդալից, դրանք ոչ մի հեռանկար իմ առաջ չեն բացել։ Իսկ Չայկովսկու անվան մրցույթը շատ դռներ բացեց իմ առջև և բազմաթիվ հնարավորություններ ընձեռեց։ Այդ մրցույթից հետո ստորագրել եմ պայմանագրեր մենեջմենտի աշխարհի առաջատար երեք մասնագետների հետ՝ Լոնդոնում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Ճապոնիայում։ Դրանից հետո` Իտալիայի և Իսպանիայի մենեջմենտի մասնագետների հետ։ Հենց սա պետք է տան երաժշտին նմանատիպ մրցույթները, պետք է ապագա ստեղծեն։
– Առաջիկայում ի՞նչ մենահամերգներ ու համերգներ ունեք և որտե՞ղ։
– Իմ համերգները մեկ-երկու տարի առաջ արդեն պլանավորված են։ Առաջիկա կանգառս կլինի Նոր Զելանդիան, որտեղ մի քանի քաղաքներում եմ ելույթ ունենալու Նոր Զելանդիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար։ Այնտեղից կմեկնեմ Թայվանի մայրաքաղաք Թայբեյ, հետո եղբորս՝ դիրիժոր Տիգրան Հախնազարյանի հետ կմեկնենք Չինաստան և Հարբին քաղաքում միասին ելույթ կունենանք, հետո մենահամերգով հանդես կգանք Հարավային Կորեայում՝ Սեուլում։ Շրջագայությունս կավարտեմ Ճապոնիայում՝ Կիոտոյում և Տոկիոյում։ Այնտեղ երեք մենահամերգ կունենամ։
– Դուք երբևէ ստեղծագործե՞լ եք։
– Դեռ ոչ։ Սեփական ստեղծագործություններ չունեմ, բայց կարող եմ ասել, որ յուրաքանչյուր ելույթիս ինչ-որ հատված ստեղծագործում եմ։ Երբեք չեք կարող իմ ելույթներում գտնել երկու նույնանմանը։ Ինձ համար համերգի մեծ մասը իմպրովիզացիոն պահ պետք է լինի, որպեսզի թարմություն լինի։
– Ո՞ր կոմպոզիտորի երաժշտությունն եք ավելի նախընտրում։
– Շոստակովիչի Սոնատը, որը գրված է թավջութակի համար, իմ ամենասիրելի ստեղծագործություններից է։ Ռախմանինով, Բեթհովեն և, իհարկե, Բախ, ով ինձ համար մի ուրիշ աշխարհ է։ Ես շատ ուրախ եմ, որ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում իմ երկու մենահամերգների ժամանակ առանց դաշնամուրի ուղեկցության նվագելու եմ Բախի բոլոր 6 սյուիտները։ Դա շատ ծավալուն գործ է և մեծ պատասխանատվություն է պահանջում։
– Շա՞տ են գրվել հենց Ձեզ համար ստեղծագործություններ:
– Ոչ այնքան, որքան կցանկանայի։ Ես շատ հետաքրքրված եմ նաև ժամանակակից երաժշտությունով։ Մի քանի անգամ եղել է, որ գրել են ավստրիացի, ռուս, հայ կոմպոզիտորներ։ Մեր հայ հրաշալի կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը ինձ համար գրել է մի ստեղծագործություն, որը կոչվում է «Մենախոսություն»։ Այս տարի ես արդեն նվագել եմ այդ ստեղծագործությունը։ Հաջորդ տարի Համբուրգում նվագելու եմ նույն կոմպոզիտորի «Թավջութակի կոնցերտը» Համբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ. լինելու է համաշխարհային պրեմիերա։
– Եթե թավջութակահար չդառնայիք, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։
– Երբևէ խորը չեմ մտածել այդ ուղղությամբ, հիմա որ մտածեմ, գուցե շատ մասնագիտություններ գան մտքիս։ Այն ժամանակ շատ սովորական ցանկություն ունեի՝ դառնալ ֆուտբոլիստ։ Միշտ սիրել եմ ֆուտբոլը, ինչպես նաև թենիսը։ Մինչ այժմ շատ սիրում եմ թենիսը, բայց, ցավոք, ձեռքերի համար բավականին վտանգավոր է այդ մարզաձևը։ Կոնսերվատորիայում սովորելու ժամանակ թենիսի հանդեպ կարոտս ինչ-որ չափով լրացրել եմ… լինելով համալսարանի բադմինտոնի թիմի անդամ։ Ասեմ, որ բավականին հաջող ելույթներ էինք ունենում բուհերի միջև տեղի ունեցող մրցություններում։
– Ի՞նչ հոբի ունեք։
– Հատուկ հոբի`որպես այդպիսին, չունեմ, չեմ հավաքում նամականիշեր կամ նմանատիպ բաներ։ Սիրում եմ շփվել մարդկանց հետ, ֆուտբոլ խաղալ, ինչը հաճախ չի ստացվում, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է, իսկ ես անընդհատ ճամփորդում եմ։
– Գրքե՞ր, թե ֆիլմեր։
– Շատ եմ սիրում ամենատարբեր ժանրերի ֆիլմեր դիտել՝ արտ հաուս, նոր հոլիվուդյան բլոքբաստերներ, հաճույքով եմ նայում նաև հին հանճարների՝ Ֆելինիի, Անտոնիոնիի, Բերգմանի ֆիլմերը։ Երբ գնում եմ կինոթատրոն ֆիլմ դիտելու՝ կտրվում եմ ամեն ինչից, հանգստանում եմ և հաճույք եմ ստանում ֆիլմից՝ պոպկորնով և որևէ գազավորված ըմպելիքով։ Այդպիսով, խոր և ծանր դասական աշխարհից հեռանում եմ։ Շատ սիրում եմ նաև գիրք կարդալ և հիմնականում նախընտրում եմ դասականներին, ժամանակակից գրողների երկրպագու չեմ։
Հաճույքով կարդում եմ Ջեք Լոնդոնի, Գոգոլի, Դոստոևսկու, Տոլստոյի ստեղծագործությունները, արծաթե դարի պոեզիան եմ շատ սիրում՝ Բլոկ, Ցվետաևա, Մանդելշտամ։ Ամեն տարի փորձում եմ կարդալ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», որովհետև ինձ համար այդ գիրքը պատկանում է այն գրքերի ցանկին, որը պարտադիր պետք է յուրաքանչյուր մարդ կարդա։
– Եվ վերջին հարցս։ Երեք բառով ինչպե՞ս կբնութագրեիք առօրյա կյանքում Նարեկ Հախնազարյանին։
– Ուրախ, բարի, ակտիվ։