
«Ձեր ինտրիգային դաշտ ստեղծելը մեկ անձի ավելացնում է, որը մտածում է թողնել Հայաստանը». Միհրան Պողոսյանը՝ լրագրողներին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հերքեց լուրերը, որ նա Սերժ Սարգսյանից փորձել է ստանալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, սակայն մերժում է ստացել:
«Քննարկումներ եղել են, այսօր արդեն դուք կիմանաք բոլոր հանձնաժողովների մասին»,- ասաց նա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի հիմնական մեսիջը, ըստ Մ.Պողոսյանի, անվտանգության և առաջընթացի թեզն է, որը որդեգրել է ՀՀԿ-ն:
Հարցին, թե չի՞ վախենում, որ Հայաստանը մի օր իրոք օրենքի երկիր կդառնա, Մ.Պողոսյանը հավաստիացրեց, թե իրենք ամեն ինչ անում են, որ ՀՀ-ն դառնա օրենքի երկիր:
Դիտակմանը, թե օրենքի երկիր չլինելու պատճառո՞վ է, որ այսօր ԱԺ-ում հայտնվել են մարդիկ, որոնք չպետք է օրենսդիր մարմնում լինեին, Մ.Պողոսյանը հակադարձեց, թե ժողովուրդն է ընտրել իրենց և ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու ժողովրդի ձայնը:
Նա սկսեց լրագրողներին դասեր տալ, թե լրատվական դաշտում պետք է թողնել ինտրիգները, քանի որ դրա պատճառով մեկ ավելի անձ մտածում է թողնել Հայաստանը.
«Ձեր մոտեցումները և ինտրիգային դաշտ ստեղծելը մեկ անձի ավելացնում է, որը մտածում է թողնել, լքել Հայաստանը»
Պողոսյանն անտեսեց լրագրողների հորդորը՝ դասեր չտալ և հարցերին պատասխանել, և շարունակում էր նույն ոճով խոսել: Նա չպատասխանեց հարցին` արդյոք ինք թողե՞լ է ինտրիգները, կամ ինտրիգների՞ դաշտում էր իր անվան շուրջ ծավալվել օֆշորային սկանդալը:
«Մենք ամեն ինչ անում ենք ժողովրդի համար»,- հայտարարեց Պողոսյանն ու հեռացավ: