Հունաստանի խորհրդարանը պաշտպանեց խիստ խնայողության միջոցառումների նոր փաթեթը
Հունաստանի խորհրդարանը քվեարկել է խիստ խնայողության միջոցառումների նոր փաթեթի օգտին, որոնց ընդունումը պահանջում են միջազգային վարկատուները, տեղեկացնում է BBC-ին:
Փաստաթուղթը ենթադրում է հարկերի բարձրացում եւ թոշակների չափի կրճատում: Այն ընդունելու համար անհրաժեշտ 151 ձայնի դեպքում օրինագիծը պաշտպանել է 153 պատգամավոր՝ 300-ից: Քվեարկությունը տեղի է ունեցել Եվրախմբի նիստի նախաշեմին, որի ընթացքում մայիսի 22-ին մասնակիցները պետք է գնահատեն բարեփոխումների արդյունավետությունը եւ լուծեն Աթենքին 7,5 միլիարդ եվրոյի չափով հերթական վարկաբաժնի տրամադրման հարցը:
Օտարերկրյա վարկատուները՝ Եվրահանձնաժողովը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրոպայի կենտրոնական բանկը եւ Եվրոպայի կայունացման մեխանիզմը, պարբերաբար գնահատում են Հունաստանի կողմից իրենց պահանջների կատարումը:
Խորհրդարանում համապատասխան օրինագծի շուրջ քվեարկության ընթացքում Աթենքի կենտրոնում բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի տնտեսական քաղաքականության հետագա խստացման դեմ:
Բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ: Բողոքավորներից ոմանք սկսել են հրկիզիչ խառնուրդով շշեր նետել ոստիկանների վրա, ի պատասխան նրանք արցունքաբեր գազ են կիրառել: