«Լեգենդ» սրտաձև սպիտակ ադամանդը գրեթե 15 մլն դոլարով վաճառվել է Christie՚s-ի աճուրդում
Սրտաձև անթերի սպիտակ ադամանդը՝ 92 կարատ քաշով, մայիսի 17-ի երեկոյան 14,99 միլիոն դոլարով վաճառվել է Ժնևի աճուրդում, ինչը համաշխարհային ռեկորդ է այդ ձևի թանկարժեք քարերի համար:
Այս մասին հայտնել է Christie՚s աճուրդային տունը: «D» ամենաբարձր գունային կատեգորիայի սպիտակ թափանցիկ քարը կրում է «Լեգենդ» անվանումը: Դա այդ տիպի ամենախոշոր ադամանդն է, որը երբևէ դրվել է աճուրդի:
Ադամանդն աճուրդում ներկայացվել է մարգարտե մանյակի կազմում, որն ստեղծել է Boehmer et Bassenge ոսկերչական տունը: Թանկագին զարդի նոր տիրոջ անունը չեն հայտնում:
Սրտաձև ադամանդի վաճառքի նախորդ գնային ռեկորդը սահմանվել է 2011 թվականին. 56,15 կարատ քաշով թանկարժեք քարն աճուրդով վաճառվել է 10,9 միլիոն դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: