«Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ փորձում է նաև ռազմական լուծում գտնել խնդրին». Թևան Պողոսյան

Այսօր Սերժ Սարգսյանը խորհրդարանում ծավալուն ելույթ ունեցավ, որտեղ անդրադարձ կար նաև Արցախի հիմնախնդրին: Ս. Սարգսյանը հայտարարեց, թե չի խոսի նախորդ տարբերակների համեմատ՝ Կազանի փաստաթղթի բոլոր առավելությունների մասին, քանի որ այդպիսով խախտած կլինի բանակցությունների խորհրդապահությունը: Նա միայն ընդգծեց, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները «մենք  երկար տարիներ քննարկում ենք»:

Քաղաքագետ Թևան Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե այս ելույթից արդյո՞ք պարզ դարձավ՝ ինչ տարբերակ է քննարկվում այս տարիներին, լուծման ի՞նչ տարբերակ է դրված բանակցային սեղանին:

«Տարբեր մարդիկ տարբեր կանխատեսումներով են խոսում, թե ինչ է քննարկվում, բայց քանի դեռ չկա հրապարակված այդ տարբերակը, նստել և կանխատեսելը, երևի թե, ամենասխալ քաղաքականությունը կլինի։ Պետք է փորձել հասկանալ, թե ինչ է իրական կյանքում տեղի ունենում։ Կարող ենք մենք տարբեր սցենարներ քննարկել, բայց եթե կյանքում ուրիշ բան է տեղի ունենում, իմաստը ո՞րն է այդ թղթերի։ Ասենք՝ հիմա մի թուղթ գտնենք, որտեղ Ադրբեջանն ասում է, թե ընդունում է Արցախի անկախությունը ու դրանից հետո սկսում է ամեն օր աԱրցախի վրա կրակել, իմաստը ո՞րն է այդ փաստաթղթի»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, թե որն է հարցի լուծման ամենակարևոր խնդիրը. «Այդ մասին ելույթում կարծես թե մեկ նախադասությամբ օգտագործվեց. Մինչև Արցախի ներկայացուցիչը չի լինում այդ բանակցությունների սեղանին, հարցի լուծման մասին ցանկացած մոտեցում ընդամենը հոլիվուդյան սցենար է կամ վերլուծական որևէ կենտրոնի կողմից մշակված առաջարկ: Իրական կյանքի հետ կապ չունի։ Մեկ տարի առաջվա Վիեննայի համաձայնագիրն ու իրական կյանքը որտե՞ղ են։ Ադրբեջանը Կազանի փաստաթղթի վերաբերյալ ինչ-որ բան է ասում, բայց առաջինը հենց ինքն է մերժում այդ փաստաթուղթը։ Դրանից ի՞նչ եզրակացություն անենք»։

Հետևաբար, թղթերում քննարկվող ամեն ինչից զատ, ըստ Պողոսյանի՝ կա իրական կյանքը, երբ Ադրբեջանը չի դադարեցնում իր գործելաոճը. «Մենք պետք է մեր իրական կյանքը փոխենք, այնպես անենք, որ Հայաստանը զարգանա, որ բնակչությունը 4 միլիոնի հասնի ոչ թե 2040 թվականին, այլ միգուցե 2020 թվականին, որ կարողանանք ավելի լավ դիրքերից խոսել»։

Սերժ Սարգսյանն իր ելույթում նաև նշել էր, թե կարգավորումը ձգվում է Ադրբեջանի պատճառով, որի ղեկավարությունը ձգտում է պահել ստատուս-քվոն ու համարում է, թե ժամանակն աշխատում է Բաքվի օգտին:  Ըստ Ս. Սարգսյանի՝ չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե ժամացույցի սլաքը պտտվում է միայն շփման գծի մեկ կողմում. «Մենք կողմ ենք խաղաղ կարգավորման, բայց պատրաստ ենք մեր անվտանգությունը պաշտպանել ամեն գնով»:

Վերոնշյալի վերաբերյալ հարց ուղղեցինք Թ. Պողոսյանին՝ հաշվի առնելով 2016թ. ապրիլյան հայտնի դեպքերից մինչ օրս ղարաբաղաադրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակը, որն ամեն անգամ հրահրվում է Ադրբեջանի կողմից, արդյոք չի՞ նշանակում, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, գոնե փորձում է այս ժամանակահատվածն օգտագործել իր օգտին:

Ի պատասխան՝ քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ փորձում է նաև ռազմական լուծում գտնել խնդրին. «Այդքան զենք գնելը չի՞ ասում, որ նա գնում է ռազմական ճանապարհով հարցի լուծմանը։ Իրականում Ադրբեջանը մեծ գումարներ է վճարել տարբեր երկրներին ու դրանով զենք է գնել։ Այդ զենքը չի գնել, որ պահեստներում պահի, գնել է, որ կիրառի։ Մենք էլ պետք է պատրաստ լինենք զարկ տալ մեր անվտանգությանը։ Որ կողմն ավելի լավ օգտագործեց ստատուս-քվոյի ժամանակը՝ հզորանալու, բնակչությունն ավելացնելու, ժողովրդավարական ուղով զարգանալու, հզոր պետություն կառուցելու, նրա օգտին էլ աշխատելու է։ Բոլոր հնարավորությունները կան, պետք է աշխատել։

Մենք անո՞ւմ ենք դա. կոռուպցիայի դեմ պայքարո՞ւմ ենք, երբ ապրիլյան դասերից հենց մեկը դա էր, որ կոռուպցիան մեզ շատ է վնասել։ Ժողովրդավարությանը, ժողովրդագրությանը զարկ տվե՞լ ենք. ո՛չ։ Ներգաղթ ապահովե՞լ ենք, ո՛չ, տնտեսական զարգացումներ տեղի ունեցե՞լ են. ո՛չ։ Դասեր կան, որ քաղել ենք. ինչ-որ համակարգեր ենք առաջնագծում տեղադրել, փորձում ենք ռազմաարդյունաբերությանը զարկ տալ, գիտությանը նպաստել, այլընտրանքային մոդելներ զարգացնել, բայց պետք է հասկանանք, որ այդ դասերի մեջ միայն կետային հարցեր չես կարող լուծել, պետք են համակարգային փոփոխությունների գնալ։ Ցավոք դա դեռ տեղի չի ունենում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031