Բժիշկները պարզել են աշխարհում մահվան դեպքերի մեկ երրորդի պատճառը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը (133 երկրների 2,3 հազար փորձագետներ) հաշվել է, որ աշխարհում մահվան բոլոր դեպքերի մոտավորապես մեկ երրորդը տեղի է ունենում սրտանոթային հիվանդությունների պատճառով: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակված է Journal of the American College of Cardiology հանդեսում. դրա մասին համառոտ հաղորդում է Սրտաբանության ամերիկյան քոլեջը:
Սրտանոթային հիվանդություններից մահացության ամենաբարձր ցուցանիշով երկրների թվում տեղ են գտել Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արեւելքի, Հարավային Ամերիկայի, Սեւ Աֆրիկայի եւ Օվկիանիայի պետությունները: Ճապոնիայում, Անդորայում, Պերուում, Ֆրանսիայում, Իսրայելում եւ Իսպանիայում այդ ցուցանիշն ամենացածրն է:
Հետազոտողները նկատել են, որ վերջին հինգ տարվա ընթացքում սրտանոթային հիվանդություններից մահացության նվազման գործընթացը դադանդաղել է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներում:
Այս եզրակացությունները հիմնված են 1990-2015 թվականների վիճակագրության վրա: Այսպես, 2015 թվականին աշխարհում գրանցվել է սրտանոթային հիվանդություններից տառապող ավելի քան 400 մլն մարդ եւ դրանցից մահվան գրեթե 18 միլիոն դեպք:
1990-ից մինչեւ 2010 թվականն այդ պատճառով մահացության միջին ցուցանիշը նվազել է (եկամուտների բարձր մակարդակ ունեցող երկրներում բուժսպասարկման որակի բարձրանալու պատճառով), սակայն վերջին հինգ տարվա ընթացքում այդ առաջընթացը դանդաղել է: Մասնագետները կոչ են անում գիտնականներին ու քաղաքական գործիչներին՝ պայքարել սրտանոթային հիվանդությունների դեմ, որոնց առաջացման ռիսկի հիմնական գործոնները համարվում են արյան բարձր ճնշումը, վատ սնվելը, խոլեստերինի բարձր մակարդակը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը եւ ճարպակալումը: