Սամվել Կարապետյանի պետերբուրգյան նոր՝ եզակի նախագիծը. «ПЛЯЖ»
Հայազգի գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը Սանկտ Պետերբուրգում՝ «ՌԻՈ» առևտրային-զվարճանքների կենտրոնում, նոր՝ անսովոր նախագիծ է գործարկել՝ «Пляж» կոչվող մարզական կենտրոնը, որն ունի մոտ 3000 քմ մակերես և գործելու է ողջ տարին, հայտնում է zdanie.info պորտալը:
«ПЛЯЖ»-ը եզակի մարզական-զվարճանքների կենտրոն է ինչպես առևտրի կենտրոնի, այնպես էլ ողջ քաղաքի համար: Ինժեներական տեսակետից նման բարդ կառույցների կարելի է հանդիպել միայն Եվրոպայում և ԱՄՆ-ում: Ռուսաստանում դա նման ձևաչափով առաջին նախագիծն է առևտրա-զվարճանքային համալիրի համար:
Սպորտի «ПЛЯЖ» կենտրոնը ներառում է հանգստի և մարզական մեծամասշտաբ գոտիներ: Մարզական գոտում գտնվում է վոլեյբոլի 5 հարթակ և 1 ֆուտբոլային դաշտ: Ողջ տարածքը ձևավորված է որպես լողափ: Հանգստի գոտիներից բացվում են համայնապատկերներ բոլոր լողափային հարթակների վրա:
Ապագայում նախատեսվում է «ПЛЯЖ» կենտրոնի հրապարակներում բացել լողափի վոլեյբոլի մանկական բաժին, ինչպես նաև բարեգործական մրցություններ ու տոներ կազմակերպել մանկատների սաների համար:
«Վստահ եմ, որ «ՌԻՈ» առևտրի կենտրոնի «ПЛЯЖ» լողափային սպորտի կենտրոնը նշանակալի երևույթ կդառնա քաղաքի համար այնպես, ինչպես առևտրի կենտրոնի մյուս անսովոր նախագծերը: Չէ՞ որ այն գործելու է ողջ տարին: Դա փակ շինություն է, որի ջերմակարգավորումը թույլ է տալիս ամռանը ստեղծել զով մթնոլորտ, իսկ ձմռանը՝ պահել ջերմությունն ու ստեղծել ամռան լիարժեք պատրանք»,- ասում է Սանկտ Պետերբուրգի «ՌԻՈ» առևտրի կենտրոնի գլխավոր տնօրեն Մարատ Աբրահամյանը: