Բաժիններ՝

Փոխնախարարը՝ կառավարության աշխատանքի և Ռուբեն Թաթուլյանի ձերբակալության մասին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն այսօր անդրադարձավ հարցին, թե ինչով էր տարբերվում այս կառավարության աշխատանքը։

Փոխնախարարն ասաց, որ կարող է ընդամենը մի քանի թվային տվյալներ ներկայացնել։ Ըստ նրա՝ անցյալ տարվա արդյունքներով արտահանման 20 տոկոս աճ ենք ունեցել, 130 մլն դրական ներհոսք է արձանագրվել ներդրումների 2016թ. վերջին եռամսյակում։

«Եվ ընդհանուր առմամբ, 2016թ. ուղղակի ներդրումների զուտ ներհոսքն աճել է 70 տոկոսով։ Այս տարի մենք դեռևս տվյալները չունենք, բայց մեր ընթացիկ մոնիտորինգը ցույց է տալիս, որ առաջին եռամյակում մենք ևս բավականին աճ կապահովենք։ Տնտեսական աճ…. արդեն երեք ամսվա տվյալներով՝ մենք 6.7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք։ Արդյոք ցուցանիշները բնութագրո՞ւմ են, որ առաջընթաց կա։

Իմ կարծիքով՝ այո՛։ Ինչ խոստացվել էր՝ ներդրումներ, արտահանում, տնտեսական աճ, իմ կարծիքով՝ առնվազն սկզբնական փուլում դրված նախադրյալները հնարավորություն են տալիս ասելու, որ մենք արդեն գնում ենք դեպի առաջ և մենք արդեն թևակոխում ենք կայուն տնտեսական աճի փուլ։ Հնարավորությունները ստեղծված են։

Կարդացեք նաև

Ինչո՞վ էր տարբերվում աշխատանքը։ Իմ կարծիքով՝ դա ակտիվ աշխատանքն էր ներդրողների հետ, բիզնես միջավայրի բարելավումն էր, որ իրականացվեց։ Եթե խոսեք բիզնես միջավայրի, ներդրողների հետ, որոնք գալիս են, մեկ պատուհանից ամբողջական ծառայություն են ստանում…. Առնվազն բիզնեսի ներկայացուցիչների հետ մեր քննարկումները ցույց են տվել, որ հարկային, մաքսային ոլորտում ունենք զարգացումներ դեպի լավը, և օրենսդրական դաշտը բարեփոխվել է, բիզնեսի համար հնարավորություններն ավելի պարզեցվել են, բայց դեռևս իրականացնելու ահռելի աշխատանքներ կան»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանում ներդրումներ կատարելը գրավիչ չէ՝ կապված մի քանի խնդրի հետ՝ անվտանգություն, կոռուպցիա, փոխնախարարն ասաց, որ հարկավոր է տարբերակում դնել։ «Նայենք ընդամենը մի քանի երկրներ։ Օրինակ՝ արաբական երկրներից՝ Իրաք… ներդրումների մեծ քանակություն, պատերազմ, կոռուպցիա։ Խնդիրը հետևյալն է՝ բիզնեսը շահութաբեր տեղ է փնտրում։ Շատ դեպքերում իրենց համար կողքից որոշակի խնդիրները կարող են նվազեցնել իրենց շահույթները, բայց մեր նպատակը նաև այն է, որ առաջին հերթին՝ երկրի համար ստեղծենք շուկաներ, որ կարողանան արտահանել և բարձր շահութաբերություն ունենան, և ապահովենք անհրաժեշտ բիզնես միջավայր, որպեսզի իրենց կողմից կողմնակի ծախսերը զրոյի հավասարեցվեն»:

Անդրադառնալով իրավական խնդիրներին՝ փոխանախարարը տեղեկացրեց, որ «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքում նոր դրույթ է ֆիքսվել, որով սահմանվել է, որ ներդրողը կարող է առանց ներքին ընթացակարգերը սպառելու՝ դիմել արտաքին արբիտրաժ։

Հովհաննես Ազիզյանն անդրադարձավ նաև Ռուբեն Թաթուլյանի ձերբակալությանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսաստանցի մեծահարուստ հայ գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ է: Նա նշեց, որ Ռուբեն Թաթուլյանը Ռուսաստանում մեծահարուստ գործարար է, եթե չի սխալվում, երեկ վերջինս բացատրություն է տվել իր ձերբակալության վերաբերյալ։

«Նա հանդիսանում է մեր ներդողների ակումբի 30 անդամներից մեկը։ Ծրագրերը, համագործակցությունը, իմ կարծիքով՝ նորմալ շարունակվելու են։ Այդ տեսանկյունից ձերբակալության հետ կապված մանրամասն տեղեկություններ չունեմ, բայց որքան գիտեմ, նա այդ հարցի վերաբերյալ պարզաբանումները տվել է»,- ասաց նա՝ նշելով, որ, երբ կլինի դատարանի որոշում, կդիտարկեն խնդիրները, դեռևս խնդիրներ չեն տեսնում. «Ամեն դեպք էլ պատահում է բոլորի հետ։ Ես հուսով եմ, որ այս դեպքն էլ իր լուծումը կստանա»։

Նա նշեց, որ կարևորում են, որ Հայաստան մուտք գործեն բիզնեսով ստացված գումարներ։ Նրա խոսքով՝ ստուգման համակարգեր գոյություն ունեն, Հայաստանը միացել է տարբեր համաձայնագրերի. այդ թվում՝ փողերի լվացման վերաբերյալ, հետազոտվում են գումարները, որոնք մուտք են արվում Հայաստան, եթե անգամ կասկած լինի, դրանք չեն կարող մուտք արվել, դրանց վերաբերյալ գործընթաց կսկսվի։ Ըստ նախարարի՝ աշնանն արդեն կտեսնենք ակումբի գործունեության պտուղները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս