«ՍԱՊԾ-ն սահմանի վրա պետք է տեղեկացվի մուտք գործած բեռի մասին, որ համապատասխան հսկողություն սահմանի». Արթուր Աթոյան
«Եթե մենք խոսում ենք այն բեռների մասին, որոնք մաքսանենգ ճանապարհով մուտք են գործում հանրապետություն, ապա հսկողություն իրականացնել և ծագման երկրի ,արտոնագիր ունենալ հասկացությունների մասին խոսելը կլինի, մեղմ ասած, անմտություն, որովհետև մաքսանենգ ապրանքն ինքնըստինքյան չի հսկվում»,- խոսելով այն մասին, թե ՍԱՊԾ-ն (Սննդի անվտանգության պետական ծառայություն) ի՞նչ դեր ունի սահմանը հատող բեռների ստուգման գործում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան» կենտրոնի նախագահ, «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը։
Նրա խոսքով՝ երբ մենք մեղադրում ենք հսկող կառույցին, դա լինում է ընդամենը անձնավորված բնույթ կրող դիրքորոշում։ Մաքսանենգ ապրանքը սահմանի վրա չի ենթարկվում որևէ տեսակի հսկողության, դրա կապակցությամբ համապատասխան կառույցները հանցավոր գործունեություն իրականացնող պաշտոնյաների նկատմամբ իրականացնում են քրեական հետապնդում։
«Մենք այսպիսի պայմաններում մեղադրում ենք մի երրորդ կողմի, որն ընդհանրապես զրկվել է սահմանի վրա իր լիազորություններն իրականացնելու հնարավորությունից»,- ասաց պարոն Աթոյանը։
Ըստ նրա՝ վերջերս ՍԱՊԾ-ն իր լիազորությունն իրականացրել է մեծածախ առևտրի կետերում։ Մոնիտորինգի կազմակերպման միջոցով հայտնաբերել է այն ոչ ցանկալի ապրանքը, որը մուտք է գործել հանրապետություն, և որի վերաբերյալ չկան համապատասխան փաստաթղթեր, և ոչնչացրել։
«Նման պայմաններում, երբ մենք ասում ենք, թե կառույցը թերացել է, անգործություն է ցուցաբերել, մենք ընդամենն անձնավորում ենք որոշ նպատակների իրականացում, որի կարիքն ու իմաստը չկա։ Մենք չենք նշում, թե կոնկրետ Սննդի անվտանգության պետական ծառայությունը որտե՞ղ է թերացել, ո՞ր օրենքն է խախտել։ Փաստեր չունենալն անհիմն մատնացույց անելու հատկանիշ է։ Սննդի անվտանգության պետական ծառայությունը սահմանի վրա պետք է տեղեկացվի մուտք գործած բեռի մասին, որ համապատասխան հսկողություն սահմանի։ Երբ իրենից թաքուն մաքսանենգ ճանապարհով բեռը մուտք է գործում, էլ ի՞նչ գործունեություն պիտի անի»,- այսպես եզրափակեց իր խոսքը բանախոսը։
Ռոզա Հակոբյան