«Գլոբալ կիբերգրոհի հետևանքով Հայաստանում վիրուսով վարակվել է մոտ 1000 համակարգիչ». Սամվել Մարտիրոսյան
Համաշխարհային կիբերհարձակման հետևանքով Հայաստանում վիրուսով վարակվել է մոտ 1000 համակարգիչ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Վարակվել են ոչ միայն անհատների, այլև կազմակերպությունների համակարգիչներ:
«Քանի որ վտանգը կա, հետևաբար խորհուրդ է տրվում նախ թարմացնել օպերացիոն համակարգը: Փորձը ցույց տվեց, որ լուրջ ընկերությունների համակարգիչները, որոնց օպերացիոն համակարգերը թարմացված չեն, ևս վարակվել են: Դրանից բացի, պետք է ուշադրություն դարձնել հակավիրուսային ծրագրին»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Նա խորհուրդ տվեց անծանոթ նամակներ չբացել, որովհետև վիրուսները գալիս են նաև այդ ճանապարհով: Համակարգիչը վարակվելուց հետո եղած ֆայլերը կոդավորվում են:
WannaCry անվանումը ստացած բավական ագրեսիվ շորթիչ վիրուսի միջոցով գլոբալ կիբեռգրոհի զոհ են դարձել աշխարհի 150 երկրի 300 հազար համակարգիչներ: Համակարգիչների վրա գլոբալ ցանցահենային գրոհի մասին հայտնի դարձավ մայիսի 12-ին: Ցանցահենները համակարգիչները վարակել են արգելափակիչ վիրուսով (կամ շորթիչ վիրուսով), որը գումարի՝ 300 դոլարի փոխանցում Է պահանջում գործառական համակարգից արգելափակումը հանելու համար: