««Ելքին» «արագիլն» է բերել». Ազատ Արշակյան

Երևանի ավագանու ընտրություններն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեցին ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, Ազատ Արշակյանը և «Ելք» դաշինքից Մանե Թանդիլյանը:

«Ավագանու այս ընտրությունները տխուր էին, ձանձրալի և գավառական, այսինքն՝ մայրաքաղաքին կառավարող ավագանու ընտրություններ չէին, չկար մայրաքաղաքը, և հենց այս գավառական շրջանակում էլ անցկացվեց քարոզարշավը: Այստեղ կար ոչ թե մայրաքաղաքի, այլ բնակավայրի կյանքը կառավարելու և ֆոնդերը տնօրինելու մոլուցք»,- ասաց քաղաքագետ Ազատ Արշակյանը:

Նա Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը նմանեցրեց սպորտային խաղի գնալու հետ. «Գնում ես մի խաղ դիտելու, որտեղ գիտես, թե ով է հաղթելու, այսինքն՝արդյունքն արդեն հայտնի է»:

Համեմատության մեջ դնելով Մոսկվայի և Երևանի ընտրությունները՝ Ազատ Արշակյանը նշեց, որ հայ ժողովուրդը հաղթում է, քանի որ մոտ 30 ընդդիմություն կա քաղաքապետարանում: Նրա կարծիքով՝ դժվար Մոսկվայում քաղաքապետի ընտրությունների ժամանակ լինի այնքան ազատություն, այնքան ընդդիմություն, ինչքան մեզ մոտ է: Հետևաբար՝ սա լավ ցուցանիշ է Եվրասիական միությունում:

Մանե Թանդիլյանի հաղորդմամբ՝ «Ելք» դաշինքը վերահսկել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ամբողջ 474 ընտրատեղամասերը, ամենուր ունեցել է վստահված անձինք, համագործակցել է վստահելի դիտորդական առաքելությունենրի հետ: Դաշինքն ունի կայուն ընտրազանգված, և դա ապացուցվեց մայիսի 15-ի:

«Մենք պատրաստվում ենք այնպիսի աշխատանք ծավալել, որ մեզ վստահած յուրաքանչյուր ձայն բազմապատկվի, և ես վստահ եմ, որ դա մեզ հաջողվելու է, ժողովուրդը պետք է մասնակցի ընտրություններին և հասկանա, որ սա է ժողովրդավարության իրական ճանապարհը: Այն հատվածը, որ կարող էր գնալ ընտրության և փոփոխություն բերել Երևան քաղաքին, չմասնակցեց, որովհետև կար իրական հնարավորություն՝ «Ելք» դաշինքի միջոցով ՀՀԿ-ին դարձնել ընդդիմադիր խմբակցություն, սակայն չօգտվեցինք այդ առիթից: Բայց մենք նորից կստեղծենք այսպիսի հնարավորություն»:

Ազատ Արշակյանի խոսքով՝ «Ելքին» «արագիլն» է բերել. «Բոլորը գիտեին, որ «Ելքը», ըստ «արագիլի», գրավելու է երկրորդ տեղը, «արագիլն» ապացուցեց, որ «Ելքն» ունի կամք, գիտի, որ պետք է լինի քաղաքական պայքար, և պետք է լինեն նոր դեմքեր, այդ բորբոսնած քաղաքական դեմքերը պետք է հեռանան: Ես պաշտպանում եմ «արագիլի» ծրագիլը: «Արագիլը» մի հոգի չի կարող լինել, անպայման նախագահի թույլտվությամբ է եղել»:
ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը և «Ելք» դաշինքից Մանե Թանդիլյանն անդրադարձան նաև ընտրակաշառքներին:

«ՀՀ-ում վտանգավոր ընտրական գործընթաց է, քանի որ այն ամբողջությամբ զուգորդվում է ընտրակաշառքներով: Ցավալի է, անհանգստացնող իրավիճակ է, երբ համատարած ընտրակաշառքի մթնոլորտում են տեղի ունենում ընտրությունները: Ընտրակաշառքն ունի լուրջ ազդեցություն ՀՀ քաղաքացիների ընտրության որոշման վրա, և մենք դա արձանագրել ենք: Դրա դեմ պայքարը շատ խորքային պետք է տարվի, աշխատող և արդյունավետ միջոցներ պետք է ձեռնարկենք, քանի որ վտանգում ենք մեր երկրի ճակատագիրը»,- նշեց Մանե Թանդիլյանը:

Իսկ Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ կաշառքը չարիք է, սա մեր ամբողջ հասարակության հիվանդությունն է, որը պիտի բուժվի: Բայց խնդիրը ոչ միայն կաշառքն է, այլև վերաբերմունքն ընտրական գործընթացին. ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, իշխանությունը ընդդիմությանը: Սակայն, նրա խոսքով՝ ընտրության ժամանակ ՀՀԿ-ին պետք չէր մասսայական ընտրակաշառք բաժանել:

««Ելքը» կա, բայց դա նաև «մուտք» է դեպի իշխանություն: Եթե «Երկիր Ծիրանին» վերցնի 5 մանդատները, շատ ավելի հետաքրքիր կլինի, շատ ավելի պաշտպանված կլինեն երևանցիների շահերը, և քաղաքապետարանի նիստերն էլ շատ ավելի դիտարժան կլինեն»,- ասաց Ազատ Արշակյանը:

Լեռնիկ Ալեքսանյանը ևս «Ելքի» և «Երկիր Ծիրանիի» մուտքը շատ կարևոր է համարում՝ նշելով, որ ընդդիմադիր դաշտում փոփոխություններ պետք են, ու սա նաև ընդդիմություն-իշխանություն հարաբերություններն ավելի ձիգ կդարձնի:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս