«Երևույթը շատ տգեղ է». Լեռնիկ Ալեքսանյանը՝ Զարուհի Փոստանջյանի հետ կատարված միջադեպի մասին

Մայիսի 14-ի Երևանու ավագանու ընտրությունների ժամանակ Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ բռնություն էր գործադրվել այն բանից հետո, երբ նրանք, իմանալով ընտրակաշառքի հնարավոր ցուցակների առկայության մասին, մտել էին Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի նախընտրական շտաբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, Ազատ Արշակյանը և «Ելք» դաշինքից՝ Մանե Թանդիլյանը:

Ազատ Արշակյանը Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածը բնորոշեց՝ որպես խայտառակություն, և նշեց, որ նույնիսկ, եթե ապօրինի էլ լիներ Փոստանջյանի արարքը, նրա նկատմամբ չէր կարելի բռնություն կիրառել:

Նա հիացած է Զարուհի Փոստանջյանով, որովհետև «նախ՝ նա ապացուցեց, որ ՀՀ-ում կա չափազանց ծանր արական շովինիզմ, գենդերային տղամարդկանց շովինիզմ: Եվ երկրորդ՝ նա կարողացավ քաղաքականացնել քաղաքական պայքարը և օրակարգ բերեց կարևորագույն հարցեր»:

Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով՝ երևույթը շատ տգեղ է. «Երևույթը շատ տգեղ է, կարծում եմ՝ իրավական մարմինները կտան դրա համապատասխան գնահատականը, և կպատժվեն մեղավորները»:

Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածից հետո «Ելք» դաշինքը հանդես էր եկել դատապարտող հայտարարությամբ: Ըստ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանի՝ Ոստիկանությունը ընտրությունների ամբողջ ընթացքում է սատարել Հանրապետական կուսակցությանը:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս