Բաժիններ՝

Amnesty International­-ն իրավապաշտպանների նկատմամբ բռնաճնշումների սաստկացում է արձանագրել

Իրավապաշտպաններն ամբողջ աշխարհում ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում ճնշման, հետապնդումների եւ բռնության: Այդ մասին ասված է Amnesty International միջազգային ոչ կառավարական կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել Է մայիսի 16-­ին:

Վիճակագրության համաձայն, 2016 թվականին 22 երկրներում զոհվել է 281 իրավապաշտպան: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին սպանվել էին մարդու իրավունքների համար պայքարող 156 մարտիկներ:

«Կառավարությունները, զինված խմբավորումները, կոնցեռնները եւ մյուս իշխանավորները ճակատային գրոհ են իրականացնում իրավապաշտպանների դեմ»,­-ասված է զեկույցում, որից մեջբերում է անում Deutsche Welle ռադիոկայանը:

Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Եգիպտոսը, Չինաստանը, Հնդկաստանը, կառավարությունները «քաղաքացիական հասարակության դեմ այնպես են պայքարում, ասես, մարդու իրավունքների պաշտպանությունը հանցագործություն է», հայտարարել է Գերմանիայում Amnesty­-ի ներկայացուցիչ Անդրեա Բերգը:

«Յուրաքանչյուր կառավարություն պետք թ երաշխավորի հասարակական այնպիսի միջավայր, որտեղ մարդու իրավունքների պաշտպանները կարող են աշխատել անվտանգության պայմաններում»,-­ընդգծել է իրավապաշտպանը: 68 երկրներում իրավապաշտպաններին ձերբակալել են, 94-­ում նրանք ենթարկվել են հարձակումների: Բացի այդ, 63 երկրներում իրավապաշտպանների վարկաբեկման արշավներ են ձեռնարկվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս