«Զարմանում եմ իշխանական կամակատարների պրիմիտիվության վրա». Անուշ Սեդրակյան
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ ասաց, որ շատ է ցավում, որ դրանք դառնում են քաղաքական. «Այն երկրում, որտեղ գործառույթները բաժանված են, քաղաքի ընտրությունները մունիցիպալ ընտրություններ են, քաղաքական ընտրությունները՝ քաղաքական։ Մեզ մոտ ամեն բան այնքան է խառնված, որ տեղափոխվում է քաղաքական դաշտ»։
Նա նշեց, որ նոր ավագանին թեև կարող է նոր շունչ բերել, բայց, օրինակ՝ հին կանաչ տարածքների ոչնչացման պատասխանը, ըստ նրա՝ ինչ-որ մեկն ինչ-որ ձևով պետք է տա. «Հայաստանում ավագանու մակարդակով ամենահեշտն է սկսել ձևավորել պատասխանատվության ինստիտուտը, որովհետև Երևան քաղաքի կառուցապատումից, ավտոտնակներից, կանաչապատումից սկսած՝ այնպիսի անպատասխանատու որոշումներ են կայացվել, որ պետք է նախ պահանջել հնի պատասխանատվության կրումը, նոր լծվել նոր գործի։ Պետք է նախ հասկանան, որ ամեն ինչ պատժելի է։ Սկզբում պետք է զսպես, հետո նոր՝ մարդն ինքնազսպվի»։
Այս ընտրությունների խայտառակ էպիզոդներից է համարում բռնության դեպքերը, որոնք, ըստ նրա՝ անընդունելի են մի պարզ պատճառով. «Զարմանում եմ իշխանական կամակատարների պրիմիտիվության վրա։ Այսպես թե այնպես, ընտրություններում իրենց հաղթանակն ապահովված է՝ շնորհիվ նրա, որ մեր ընտրողների հիմնական ընտրազանգվածը քվեարկում է հենց իշխանության օգտին։ Ստեղծել այդպիսի խայտառակ էպիզոդներ, որ մի քանի ընտրող ավելի լինի, դա անհեռատեսություն է։ Որ իշխանությունները չվատթարացնեն իրենց վիճակը, պետք է սովորեն բռնի մեխանիզմներից ազատվել»։