Արևմուտքը պետք է օգնի Թուրքիային. Գյուլենը հոդված է հրապարակել Washington Post-ում
ԱՄՆ-ում բնակվող չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը հոդված է հրապարակել ամերիկյան Washington Post պարբերականում: Հոդվածն ունի «Թուրքիան, որը ես այլևս չեմ ճանաչում» խորագիրը:
«Թուրքիան, որը ես ժամանակին գիտեի որպես իր ժողովրդավարությունն ամրապնդող և աշխարհիկության ժամանակակից տեսակն ունեցող երկիր, տիրապետության տակ է մի նախագահի, ով անում է ամեն բան իշխանություն կուտակելու և այլախոհներին իրեն ենթարկելու նպատակով: Արևմուտքը պետք է օգնի Թուրքիային վերադառնալ ժողովրդավարության ճանապարհ: Երեքշաբթի կայանալիք հանդիպումն ու
գալիք շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը պետք է օգտագործվեն որպես հնարավորություն այս ուղղությամբ ջանքեր գործադրելու համար»,-նշելէ Գյուլենը:
Նա ընդգծել է, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը համակարգային հետապնդումների է ենթարկում անմեղ մարդկանց՝ նրանց ձերբակալելով, քրեական պատժի ենթարկելով, աշխատանքից հեռացնելով՝ կործանելով Թուրքիայի ավելի քան 300 հազար քաղաքացու կյանք:
Գյուլենն ընդգծել է, որ սկզբից ևեթ դատապարտել է հեղաշրջման փորձը՝ հայտարարելով, որ որևէ առնչություն չունի դրա հետ, սակայն Էրդողանն անմիջապես կատարվածում մեղադրել է իրեն: Նա առանձնացրել է երկու կարևոր միջոցառում, որով կդադարեցվի ժողովրդավարության հարցում Թուրքիայի հետընթացը. դրանք են՝ նոր
քաղաքացիական սահմանադրության մշակումը և դպրոցական կրթական ծրագրի մշակումը, որում շեշտադրված կլինեն ժողովրդավարական արժեքները և բազմակարծությունը:
«Նախքան այս երկու միջոցառումների իրականացումը թուրքական կառավարությունը պետք է դադարեցնի բռնաճնշումները սեփական ժողովրդի նկատմամբ և փոխհատուցի այն մարդկանց, ում իրավունքները սահմանափակվել ու ոտնահարվել են Էրդողանի կողմից առանց դատական գործընթացի: Ես հավանաբար չեմ ապրի այնքան, որ տեսնեմ Թուրքիան որպես օրինակելի ժողովրդավարություն ունեցող երկիր, սակայն ես աղոթում եմ, որ հետընթաց ապրող ավտորիտար ռեժիմը կկանգնեցվի, քանի դեռ շատ ուշ չէ»,-եզրափակել է նա: