«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հաղորդման հիման վրա հարուցվել է քրգործ

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Սամվելի Զախարյանը 2017թ. մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում հաղորդում,  ապա նաև բացատրություն է տվել այն մասին, որ սույն թվականի մայիսի 11-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 11/3 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում քաղաքացիներին բաժանվել են քվեաթերթիկներ և ընտրակաշառք, իսկ երբ ինքն այդ ամենը փորձել է նկարահանել, մի երիտասարդ՝ խոչընդոտելով լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությանը, ձեռքից խլել է «NOKIA» մոդելի բջջային հեռախոսը, մտել նշված շտաբ և բջջային հեռախոսից հեռացրել հեռախոսահամարներն ու կարճ հաղորդագրությունները, իսկ դրանից մոտ 15 րոպե հետո մեկ այլ երիտասարդ անվնաս վիճակում վերադարձրել է իր բջջային հեռախոսը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվել  են նյութեր, կատարվել են անհրաժեշտ  անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ:

Նախապատրաստված նյութերի արդյունքում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազության  դատախազի կողմից ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և առերևույթ ընտրակաշառք տալու դեպքերի առթիվ 16.05.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Տեսանյութեր

Լրահոս