Եվրոպայի 13 երկրներում գրանցվել է հեպատիտ A-ի բռնկում, հիվանդացածների թիվը հասել է 674-ի
Եվրոպայի 13 երկրներում գրանցվել է հեպատիտ A-ի բռնկում, արձանագրվել է հիվանդության 674 դեպք՝ կրկնակի ավելի, քան մեկ ամիս առաջ: Այդ մասին հաղորդվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:
«Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է հեպատիտ A-ով հիվանդացության համաճարակային աճը: 2016 թվականի հունիսից մինչև 2017 թվականի ապրիլի 27-ը գրանցվել է հեպատիտ A-ով հիվանդանալու 674 դեպք, դրանցից 631-ը՝ տղամարդկանց մոտ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիվանդության դեպքեր են գրանցվել Ավստրիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իռլանդիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում և Շվեդիայում:
Հեպատիտ A-ն լյարդի վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է կեղտոտ ջրի, ձեռքերի, սննդամթերքի միջոցով: Դրա ինկուբացիոն շրջանը կազմում է 28 օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: