ՄԱԿ-ի ԱԽ-ն խստիվ դատապարտեց Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր արձակումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել, որում խստիվ դատապարտել է մայիսի 14-ին Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր արձակումը, ինչպես նաեւ նախազգուշացրել է հետագա փորձարկումներին հակազդելու հնարավոր միջոցների մասին։
Փաստաթղթում, որը միաձայն ընդունվել է Չինաստանի նախաձեռնությամբ, ընդգծվում է, որ ԿԺԴՀ-ն պետք է «հրաժարվի հետագա միջուկային փորձարկումներից եւ բալիստիկ հրթիռների փորձարկումներից», ինչը պահանջում են ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւերը, ինչպես նաեւ դադարեցնի «վերին աստիճանի ապակայունացնող գործելակերպը»:
Հակառակ դեպքում Անվտանգության խորհուրդը հարկադրված կլինի ընդունել հետագա միջոցներ, այդ թվում՝ խստացնել Փենյանի նկատմամբ արդեն սահմանված պատժամիջոցները:
ԱԽ-ի անդամները նաեւ նշել են Հյուսիսարեւելյան Ասիայում խաղաղությունն ու կայունությունը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով պահպանելու անհրաժեշտությունը՝ հորդորելով Հյուսիսային Կորեային «անկեղծություն դրսեւորել միջուկազերծման հարցերում»,-հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: