Բաժիններ՝

Մերկելի կուսակցությունը Շուլցին հաղթել է

Քրիստոնեադեմոկրատական միությունը՝ Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, առաջատարն է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասի տարածաշրջանային ընտրություններում:

Նորացված նախնական տվյալների համաձայն՝ ՔԴՄ-ն հավաքում է ձայների 34,3 տոկոսը, երկրորդ տեղում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է` ձայների 30,6 տոկոսով: Հաջորդ տեղերում են ազատ դեմոկրատները (12.2 տոկոս), «Կանաչները» (6 տոկոս), «Ձախերը» (5 տոկոս), ինչպես նաեւ «Այլընտրանք Գերմանիայի համար» եվրասկեպտիկների կուսակցությունը (7,7 տոկոս):

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 65,5 տոկոսը, ինչը գրեթե 6 տոկոսով ավելի է, քան 2012 թվականին կայացած նախորդ ընտրություններում:

Գերմանիայում ամենազանգվածային ընտրությունները (13,1 մլն ընտրողներ) Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում կայացել են Բունդեսթագի ընտրություններից չորս ամիս առաջ, եւ դրանք ցուցադրել են ընտրողների իրական վերաբերմունքը Գերմանիայի առաջատար այսպես կոչված «ժողովրդական կուսակցությունների» նկատմամբ:

ԳՍԴԿ-ի նախագահ եւ Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, որ ընտրություններում կրած պարտությունը ծանր օր է կուսակցության համար, բայց պայքարը կշարունակվի Բունդեսթագի ընտրություններում:

«Ծանր օր է ԳՍԴԿ-ի համար, ծանր օր է անձամբ ինձ համար. ես ծնունդով դաշնային այն երկրամասից եմ, որտեղ մենք պարտություն կրեցինք»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բեռլինում կուսակցության կենտրոնակայանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս