Բաժիններ՝

Ընտրություններ vs «պղպջակների տոն»

Մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները համընկան պղպջակների տոնի հետ: Կազմակերպիչներից մեկի՝ Էդուարդ Մկրտչյանի խոսքով՝ պղպջակների տոնն իրականացվում է 2012 թվականից սկսած, ամեն տարի, ապրիլ կամ մայիս ամիսներին՝ Հյուսիսային պողոտայում:

«Սկզբում կազմակերպիչները 2 աղջիկներ են եղել, որոնց հետո միացա ես՝ որպես լուսանկարիչ, մեկ տարի հետո իրենք այս գործն ամբողջությամբ հանձնեցին ինձ: Անցած տարվանից էլ ինձ միացավ Արփինեն»:

Միջոցառման մյուս կազմակերպիչը՝ Արփինե Մաթևոսյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման միտքը Հայաստանում չի ծնվել.

«Այս տոնը միջազգային է, երկրներ կան, որ միացել են իրար, և նույն օրն են նշում տոնը»:

Միջոցառման նպատակն է՝ մարդկանց համար անհոգ ու ուրախ օր ապահովելը: Իսկ կարգախոսը՝ «մի պահ մոռանալ աշխարհի գորշ երևույթների մասին և գունավորել մեր կյանքը»:

«Մինչև ուշ ժամերի էլ մարդիկ գալիս են: Հստակ տարիքային սահմանափակում չունի տոնը: Գալիս են թե՛ տատիկ-պապիկները, թե՛ երիտասարդները, թե՛ երեխաները: Անձրև, ձյուն, փոթորիկ, կարկուտ, աշխարհի վերջ, ոչինչ չի հետաձգի պղպջակների տոնը»,- ասաց Էդուարդը:

Տոնի մասնակիցները մեծ սիրով էին եկել կիրակնօրյա այս տոնին: Մասնակիցներից Արմինեն պատմեց այսօր իր հետ տեղի ունեցած մի դեպքի մասին.

«Առավոտյան արթնացա, ուրախ-ուրախ քրոջս ասացի. «Ո՜ւխ, վերջապես եկավ էս օրը»:

Քույրս պատասխանեց. «Ինչի՞, էդքան շա՞տ ես ուզում գնաս ընտրությունների»:
Ես էլ ասեցի. «Ի՞նչ ընտրություն, ավելի կարևոր բան կա էսօր. պղպջակ փարթի ա»:

«Մի քանի տարի է, ինչ մասնակցում եմ: Շատ լավ բան է երեխաների համար կազմակերպված, թող շարունակական լինի»,- ասաց մեկ այլ մասնակից:

Ռոզա Հակոբյան
Անի Թորոսյան

Լուսանկարները՝ Պղպջակ ֆեյսբուքյան էջից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս