Արաբագետը չի բացառում Հայաստանի ներգրավվածությունը սիրիական ապաէսկալացիոն գոտիներում
Արաբագետ Արմեն Պետրոսյանը տեսնում է Հայաստանի հնարավորությունները սիրիական ապաէսկալացիոն գոտիներում որոշակի ներգրավվածություն ունենալու հարցում: Լլրագրողների հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ Ռուսաստանը ձգտում է ընդլայնել իր դաշնակիցների շրջանակը Սիրիայում:
«Մինչ այս հումանիտար օգնության ոլորտում Հայաստանը ակտիվ դեր էր կատարում, այժմ չի բացառվում, որ այն անմիջական մասնակցություն ունենա Սիրիայի գործընթացներին: Չի բացառվում, որ այդ ներգրավվածությունը կարող է կապված լինել ապաէսկալացիոն գոտիներում իրականացվող աշխատանքների հետ: Այն կլինի օգնություն Ռուսաստանին և Սիրիայի եղբայրական ժողովրդին», – կարծիք հայտնեց արաբագետը։
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանը որոշակի ներկայացվածություն կունենա, բնականաբար հաշվի առնելով երկրի հնարավորությունները` սահմանափակ գործառույթներով։ Նրա դիտարկմամբ, սակայն, տվյալ պահին թիվ մեկ հարցը Ռուսաստանին քաղաքական աջակցություն ցուցաբերելն է։
Հայաստանի Հանրապետությունը նոր մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիայում տուժած բնակչությանը։ Այդ նպատակով գումար հատկացնելու նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը: