Ինչ ծավալի արտարժույթ է շրջանառվում ՀՀ փոխանակման կետերում
Հայաստանի Հանրապետությունում գործող արտարժույթի փոխանակման կետերի միջոցով 2017 թվականի առաջին եռամսյակում կատարվել է 136.7 մլն դոլարի, 20.6 մլն եվրոյի և 3.5 մլրդ ռուբլու շրջանառություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի մարտ ամսվա տեղեկագրից։
Այս գումարը մեկ արժույթով՝ ԱՄՆ դոլարով ներկայացնելու դեպքում, ստացվում է 216 մլն դոլարի շրջանառություն։
Ինչպես տեսնում եք ներկայացված գծապատկերում, շրջանառության մեծ մասը՝ 63.2%-ը, բաժին է ընկնում ԱՄՆ դոլարին։ Ռուսական ռուբլով կատարված գործարքների ծավալը ընդհանուր 26.7%-ն է, եվրոյով գործարքներինը՝ 10.1%-ը։
Հայաստանի Հանրապետությունում այսօր գործում է 211 արտարժույթի փոխանակման կետ։ Ըստ այդմ կարելի է հաշվարկել, որ 1 փոխանակման կետը ամսական իրականացնում է միջինը 341.3 հազար դոլարի, կամ՝ օրական 11.4 հազար դոլարի շրջանառություն։
Ըստ առանձին արժույթների յուրաքանչյուր փոխանակման կետ օրական կտրվածքով իրականացնում է միջինը 7 200 դոլարի, 1 080 եվրոյի և 184.8 հազար ռուբլու շրջանառություն։