Բաժիններ՝

ԱՄՆ 7 առաջատար ընկերություններ հետաքրքրված են Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու հարցում

Ամերիկյան 7 ընկերություններ պատրաստ են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացնել ներդրումներ: Նրանց հետաքրքրությունների և ձեռնարկվելիք քայլերի մասին առավել առարկայական քննարկումներ կծավալվեն մայիսի 17-ին Հայաստանում տեղի ունենալիք վերականգնվող էներգետիկայի համաժողովի շրջանակում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Ամերիկայի Մ իացյալ Նահանգների դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը նշեց, որ վերականգնվող էներգետիկայի համաժողովն այն ջանքերի շարունակությունն է, որոնք ուղղված են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը: Նրա խոսքով` էներգետիկայի ոլորտը Հայաստանում աճ ապահովող ոլորտներից է, և այստեղ վերականգնվող էներգետիկան, մասնավորապես, արևային և քամու էներգիան մեծ ներուժ ունեն:

«Այս համաժողովի շրջանակներում ներկայացնում ենք ամերիկյան 7 առաջատար ընկերությունների, որոնք հետաքրքրված են շուկայով, և հետաքրքրությունը կարող է հիմք հանդիսանալ գործընկերություն հաստատելու համար: Այս համաժողովը գործնական հնարավորություններ է տալիս ընկերություններին տեսնելու, թե ինչ պոտենցիալ կա, ինչպես կարելի է աշխատել և արդեն իսկ ձեռնամուխ լինել գործնական քայլերի` 55 մեգավատտ արևային կայանների կառուցման, տանիքներին արևային մարտկոցների տեղադրման ուղղություններով: Ինչպես նաև այլ հնարավորությունների մասով գործնական իրական քայլեր պատրաստ են կատարվել»,- ասաց Յուսենը` հավելելով, որ 55 մեգավատտ կայանի կառուցման համար լինելու է մրցույթային գործընթաց և ընկերությունների ներկայացրած հայտերից ընտրվելու է լավագույն դիզայն առաջարկողը, որը հնարավորություն կստանա իրականացնել այդ աշխատանքները:

Յունեսի տեղեկացմամբ` նման կայանների կառուցման համար միջին հաշվով կատարվում է 200 մլն դոլարի ներդրում, իսկ ընթացքում շինարարական աշխատանքները և աշխատատեղերի ստեղծումը ևս որոշակի լրացուցիչ օգուտ են բերում երկրի տնտեսական աշխուժացմանը:

Նրա խոսքով` ամերիկյան ընկերությունների շրջանում ավելի մեծ հետաքրքրություն է ձևավորվել հայաստանյան էներգետիկ համակարգի նկատմամբ: Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավարը, որպես ամերիկյան ընկերությունների կողմից Հայաստանում հաջող տնտեսավարելու օրինակ նշեց «Կոնտուր գլոբալ» ընկերության կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերումը:

Նա նաև նկատեց, որ Հայաստանը պատրաստվում է էներգափոխանակումներ իրականացնել Վրաստանի հետ, ինչը նշանակում է, որ շուկան միայն Հայաստանով չի սահմանափակվում` այլ ավելի ընդգրկուն և մեծ է դառնում:

Համաժողովը կազմակերպում են «Կոնտուր Գլոբալ» և «Ամերիաբանկ» ընկերությունները:

Մեթյու Յուսենը նաև հավելեց, որ, բացի էներգետիկայի ոլորտից, ամերիկյան ընկերությունների շրջանում կա նաև հետարքրքություն հանքարդյունաբերության և գյուղատնտեսության նկատմամբ: «Աշխատելով ՀՀ կառավարության հետ` փորձում ենք նպաստավոր պայմաններ ապահովել, որպեսզի բիզնես միջավայրը հետաքրքրված լինի ներդրումներ կատարելու հարցում»,- ասաց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս