Վերջին ընտրությունը՝ մեծ ճակատամարտից առաջ

Վաղը կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները, որոնց մասնակցում են երեք քաղաքական ուժեր՝ Հանրապետական ու «Երկիր Ծիրանի» կուսակցությունները և «Ելք» դաշինքը։ Որքանով ընտրությունները կանցնեն կանխատեսելիության սահմաններում, ու որքանով դրանց արդյունքները կարտացոլեն քաղաքական առկա իրողությունները, պարզ կլինի արդեն մայիսի 15-ին։

Բայց մինչ ընտրությունների արդյունքների հայտնի դառնալը, կարելի է արդեն իսկ արձանագրել, որ այս ընտրություններով, ըստ էության, փակվում է Հայաստանի քաղաքական կյանքի մի մեծ պարբերաշրջան, որը սկսվեց խորհրդարանական ընտրություններով և ավարտվելու է վաղվա ընտրական ակտով։ Առաջիկա հինգ տարիներին Հայաստանում որևէ համապետական կամ իր նշանակությամբ ու ընդգրկմամբ համապետականին համարժեք ընտրություն չի լինելու։ Սակայն դա ամենևին չի նշանակում, թե քաղաքական կյանքը մտնելու է ճահճացման շրջանի մեջ, ինչպես սովորաբար լինում է ընտրություններից հետո։

Առաջիկա մեկ տարին վճռորոշ է լինելու Հայաստանի քաղաքական կյանքի համար. 2018 թվականին ավարտվելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, և Հայաստանի առաջին դեմքը դառնալու է արդեն իսկ վարչապետը, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է ԱԺ-ի կողմից ընտրվելիք սահմանադրական նախագահը։

Առաջիկա մեկ տարին գուցե ավելի վճռորոշ է լինելու իշխանության տարբեր բևեռների մրցակցության ու պայքարի առումով, քան անցած խորհրդարանական ընտրություններն ու վաղը կայանալիք ավագանու ընտրությունները։ Սակայն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այդ վճռորոշ գործընթացում հասարակությունը, ընտրողն այլևս որևէ մասնակցություն չի ունենալու, և ամեն ինչ ընթանալու է արդեն իսկ ձևավորված քաղաքական համակարգի ներսում՝ առավելապես կուլիսներում ու ստվերում։

Եթե, իհարկե, ֆորսմաժորային իրավիճակներ չարձանագրվեն և քաղաքական գործընթացները կուլիսից չտեղափոխվեն փողոց։ Դրա հավանականությունը, իհարկե, այս պահին շատ փոքր է թվում, սակայն այդ հնարավորությունը ևս չպետք է բացառել։ Ի դեպ, դա կլինի միակ սցենարը, որին կարող է մասնակից դառնալ հասարակությունը։ Ինչ վերաբերում է վաղվա ընտրություններին, ապա անկախ դրանց արդյունքից՝ կարելի է արձանագրել, որ տեղի ունեցավ փոխշահավետ գործարք՝ իշխանության և ընդդիմության միջև։ Իշխանությունը ստացավ արդեն իսկ փորձված եղանակներով «թիվ խփելու» հնարավորություն. Ընդդիմությունը՝ առնվազն «Ելքի» մասով, լեգիտիմացրեց ընտրակաշառքը։ Ի՞նչ կստանա դրա դիմաց, պարզ կլինի երկուշաբթի օրը։ Իսկ որ ինչ-որ բան ստանալու է, միանշանակ է։

Կասկածողները կարող են ներկայանալ Երևանի քաղաքապետարան՝ ստանալու իրենց հասանելիք 15 հազար դրամը։ Չմոռանալով, որ ամեն ինչից Ելք կա։ Հանուն Երևանի, բնականաբար։

Տեսանյութեր

Լրահոս