Tesla-ն սկսել է «Արևային տանիքների» պատվերներ ընդունել
Միացյալ Նահանգների Tesla կորպորացիան սկսել է նոր տիպի արեւամարտկոցների նախնական պատվերներ ընդունել տների տանիքներին տեղակայելու համար:
Իր Twitter-ում այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասքը։ Ձեռնարկատերը եւ Tesla-ի մյուս ներկայացուցիչները նորույթը կոչում են «Արեւային տանիք»(Solar Roof): Այն «կարող են պատվիրել գրեթե ցանկացած երկրից: «Կայանքն այս տարի հասանելի կլինի ԱՄՆ-ում եւ հաջորդ տարվանից արտասահմանում»,-գրել է Մասքը: Կայքում զետեղված՝ երկրների ցանկում, որոնց բնակիչները կարող են պատվիրել նորույթը, Ռուսաստանը եւ ԱՊՀ-ի մյուս երկրներն առայժմ չկան:
Ինչպես հետեւում է Tesla-ի ներկայացրած նյութերից, խոսքը վերաբերում է այն մարտկոցներին, որոնք մակերեսով գրեթե նույնքան մեծ են, որքան բուն տանիքը: Tesla-ում պնդում են, որ նյութն ամրությամբ համեմատելի է պողպատի հետ: Ընկերության հայտարարության մեջ նշված է, որ «Արեւային տանիքի» մեկ քառակուսի ֆուտը (0,09 քառակուսի մետր) կարժենա 21,85 դոլար»:
Գինը կարող է փոխվել կախված պատվածքի տիպից եւ այլ գործոններից: Tesla-ում նշում են, որ նորույթը թույլ է տալիս զգալի միջոցներ տնտեսել էլեկտրականության վարձի համար: «Արեւային տանիքում» կարելի է մոնտաժել ջեռուցիչ տարրեր՝ ձմռանը նստող ձյունը հալեցնելու նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: