Բաժիններ՝

«Նախկին վիճակն այլևս չի լինելու». Վարդան Հարությունյան

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն անդրադարձել է վերջին շրջանում մի շարք տոնավաճառների աշխատակիցների դժգոհություններին` կապված հարկային մարմինների աշխատակիցների գործունեության հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ հարկային մարմինների աշխատանքը միտված է տոնավաճառներում գործունեություն ծավալող անձանց շրջանառությունը ֆիքսելուն, որպեսզի հստա կ լինի, թե նրանք որքան հարկ պետք է վճարեն:

«Եթե նրանք ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում, շրջանառությունը չի ֆիքսվում, այդ դեպքում ինչի՞ց պիտի իրենք հարկ վճարեն: Եթե իրենց ուզածը հարկ չվճարելն է, դա չի լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ կառավարությունն այդ մարդկանց հետ երկխոսության մեջ մտել է, լսել է նրանց առաջարկները: «Այն մարդիկ, ովքեր բողոքում են, ովքեր հանձնախումբ են ստեղծել և որոնց հետ մենք աշխատում ենք, առաջարկներ են ներկայացրել: Մոտ ժամանակներս իրենք այդ առաջարկների պատասխանները կունենան»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Վարդան Հարությունյանը նշեց, որ այդ հանձնախմբի անդամների հետ հանդիպման ժամանակ իրենք ասել են, որ պատրաստ են տոնավաճառներում փոքր և միջին բիզնեսով զբաղված մարդկանց առաջարկել հաշվապահական օգնություն, որպեսզի նրանք կարողանան ճիշտ իրականացնել փաստաթղթաշրջանառությունը և հնարավոր լինի ֆիքսել նրանց շրջանառությունը:

Կարդացեք նաև

«Մենք իրենց հաշվապահներով կօգնենք, իրենց վրա այդ ծախսը չենք թողնի: Ամենակարևոր խնդիրը, որ մենք դրել ենք նրանց առաջ, ՀԴՄ կտրոն տրամադրելն է: Ուրիշ խնդիր նրանց առաջ դրված չէ: Իսկ եթե նրանց շրջանառության շեմը բարձրանում է, դա արդեն փոքր բիզնես չէ: Այդ դեպքում նրանք պարտավոր են աշխատել ավելացված արժեքի հարկով, ունենան հաշվապահ: Եթե չեն ցանկանում ունենալ հաշվապահություն, մենք այդ հարցով էլ իրենց կօգնենք, սակայն նախկին վիճակն այլևս չի լինելու: Իրենք պետք է ՀԴՄ կտրոն տրամադրեն»,- պարզաբանեց Վարդան Հարությունյանը:

Նա հավելեց, որ այս հարցում ՊԵԿ-ին պետք է աջակցի նաև հասարակությունը: Մենք ընդամենը ասում ենք, որ պետք է շրջանառությունը հստակ ֆիքսեն: Մենք փոքր և միջին բիզնեսին չենք ասում գնացեք փաստաթղթեր բերեք, իսկ եթե չբերեք ձեզ կպատժենք: Մենք ընդամենը ասում ենք ձեր ՀԴՄ կտրոնները տրամադրեք: Մենք որևէ մեկի նկատմամբ պատժողական գործառույթ չենք իրականացրել: Ապագայի համար մենք պատրաստ ենք որոշակի լոյալություն պահել, որպեսզի մարդիկ մտնեն հարկային դաշտ: Եթե մենք ֆիքսենք նրանց շրջանառությունը և հասկանալի դառնա, որ նրանք շրջանառության հարկ վճարող սուբյեկտներ են, օրենքով սահմանված կարգով մենք մեր աշխատակիցների միջոցով կփորձենք իրենց օգնել: Ավելորդ բարդություններ և խնդիրներ մենք նրանց չենք առաջարկի»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ այն մարդիկ, ովքեր մատակարար են, խոշոր ներկրող են, նրանք պետք է դուրս գան հարկային դաշտ: «Երբ այն մարդիկ, ովքեր առևտրի կազմակերպիչ են և առևտրի կազմակերպման արդյունքում վերցրած վարձավճարի գումարի համար լիարժեք կտրոն չեն տրամադրում մարդկանց, որպեսզի նրանք էլ կարողանան իրենց ծախսերը ցույց տան, դրանից էլ առաջանում են այս խնդիրները: Երբ մենք այս ամենի մասին բարձրաձայնում ենք, մեր խնդիրը ոչ թե տոնավաճառի աշխատակիցների հետ է, այլ այն ավելի խորն է: Խնդրի լուծումը մենք գտել ենք ու տանելու ենք մինչև վերջ: Թող որևէ մեկը չմտածի, որ մեր գործողություններն ուղղված է այն մարդկանց դեմ, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են տոնավաճառներում առևտուր անելով: Հակառակը` մենք 24 ժամ այդ մարդկանց կողքին ենք: Եթե կլինեն դեպքեր, որ համակարգում եղած «հուդաները» կփորձեն նեղացնել այդ մարդկանց, ես միշտ հասանելի եմ»,- ասաց Վարդան Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս