Բաժիններ՝

Չեխիայի վարչապետը մերժեց կառավարական ճգնաժամը լուծելու նախագահի առաջարկը

Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, որը գլխավորում է կառավարական կոալիցիայի խոշորագույն կուսակցությունը՝ Չեխիայի սոցիալ­դեմոկրատական կուսակցությունը (ՉՍԴԿ), մերժել է նախագահ Միլոշ Զեմանի՝ հանրապետությունում կառավարական ճգնաժամից դուրս գալու նախաձեռնությունները:

Վարչապետի խոսքով՝ Պատգամավորների պալատի (ստորին պալատ) վաղաժամկետ ընտրությունների անցկացման կամ կառավարական պաշտոններից վարչապետի եւ ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշի միաժամանակյա պաշտոնաթողության տարբերակներն անընդունելի են: Այդ մասին նա չեխ լրագրողներին հայտարարել է Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում։

«Նախագահը պետք է ընդունի Անդրեյ Բաբիշի պաշտոնաթողությունը, որի վերաբերյալ խնդրագիրը ես նրան հանձնել եմ մայիսի 5­-ին,­ասել է Բոգուսլավ Սոբոտկան:­Նախագահը չպետք է (կառավարական ճգնաժամից դուրս գալու) սցենարներ հնարեր: Նա պետք է գործի Սահմանադրությանը համապատասխան, այսինքն՝ պաշտոնաթող անի սկանդալներով ծանրաբեռնված ստախոս ֆինանսների նախարարին»:

Միլոշ Զեմենը լույս մայիսի 11­-ի գիշերը արտակարգ խորհրդակցություն է գումարել կառավարական կոալիցիայի կուսակցությունների՝ ՉՍԴԿ-­ի, Քրիստոնեա­դեմոկրատական միության­Չեխոսլովակյան ժողովրդական կուսակցության, ինչպես նաեւ «Դժգոհ քաղաքացիների ակցիա» աջ կենտրոնամետ քաղաքական շարժման մասնակցությամբ, որն ստեղծել ու գլխավորում է Անդրեյ Բաբիշը:

Քաղաքագետների կարծիքով՝ հանրապետությունում կառավարական ճգնաժամը կարող է խորանալ, եթե Անդրեյ Բաբիշը, որը կարողության չափով Չեխիայի երկրորդ միլիարդատերն է, չլքի նախարարների կաբինետը: Նրա դեմ մեղադրանքներ են առաջադրված հարկերի վճարումից խուսափելու եւ ԶԼՄ-­ների վրա ճնշում գործադրելու մեջ՝ քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով: Միլոշ Զեմանը, որը
մայիսի 11­-ին աշխատանքային այցով մեկնում է Չինաստան, պլանավորում է նրա պաշտոնաթողության հարցի լուծմամբ զբաղվել մայիսի 18-­ին Պրահա վերադառնալուց հետո:

Մինչդեռ Անդրեյ Բաբիշը հրաժարվում է կամավոր պաշտոնաթող լինել եւ կտրականապես մերժում է իր դեմ առաջադրվող մեղադրանքները՝ դրանք քաղաքական սադրանք որակելով Պատգամավորների պալատի՝ հոկտեմբերին նշանակված ընտրություններից առաջ, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս