Կգործարկվի Աստանա-Երևան-Աստանա նոր ավիաչվերթը
Աստանայում «ԷՔՍՊՕ-2017. ապագայի Էներգիան» ցուցահանդեսի անցկացման նախաշեմին Ղազախստանի «Scat» ավիաընկերությունը կգործարկի Աստանա-Երեւան-Աստանա երթուղով նոր ավիաչվերթը: Բոլոր չվերթներն իրականացվելու են Boeing-737 օդանավերով: Հայաստանի բնակիչներն արդեն մայիսի 31-ից կկարողանան Ղազախստանի մայրաքաղաք ժամանել յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի եւ շաբաթ օրերին:
Երեք ամսվա ընթացքում համաշխարհային ցուցահանդեսում կանցկացվեն ընդգրկուն շոուներ, թեմատիկ տոներ, կատարողական արվեստի փառատոններ, համերգներ, գեղարվեստական ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ եւ մշակութային այլ միջոցառումներ: Սպասվում է, որ շուրջ 3 հազար ժամանցային միջոցառումները կանցկացվեն ոչ միայն ԷՔՍՊՕ-ի տարածքում, այլեւ ամբողջ քաղաքում:
Օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը կկայանա WorldBoxingCouncil (WBC) հոբելյանական 55-րդ կոնգրեսը: Դրան կմասնակցեն մինչեւ 500 պատվիրակներ, այդ թվում՝ աշխարհի գործող չեմպիոններ եւ այդ կոչման հավակնորդներ, ինչպես, օրինակ, Ֆլոյդ Մեյվեյզերը, Մեննի Պակյաոն, Մայք Թայսոնը, Մուհամեդ Ալիի դուստրը՝ Լեյլա Ալին, Գենադի Գոլովկինը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Եռլան Բեկխոժինը նշել է, որ ղազախստանցիները եւ ցուցահանդեսի հյուրերը հնարավորություն կունենան կենդանի տեսնել համաշխարհային բռնցքամարտի լեգենդներին:
Գլխավոր իրադարձությունը կդառնա WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը, որը հեռարձակվելու է աշխարհի 40-ից ավելի երկրներում: