«Մենք զգում ենք մեր մեղքի բաժինը». ՊԵԿ նախագահը՝ ադրբեջանական խնձորի ներկրման մասին
Պետական եկամուտների կոմիտեի ջանքերի արդյունքում բացահայտվել են ադրբեջանական խնձորն ապօրինի ճանապարհով Հայաստան ներկրած անձինք և նրանց այդ հարցում կաշառվելու եղանակով օգնած մաքսավորները: Մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
«Երևույթը շատ վատ է, ես խիստ բացասական եմ վերաբերվում այդ երևույթին: Մեր կողմից կատարված միջոցառումների արդյունքում բացահայտվել է՝ ովքեր են ներկրողները, նրանց օգնած մեր աշխատակիցներն ովքեր են և քանիսն են: Հիմա գործը գտնվում է քննչական կոմիտեի վարույթում: Քանի որ գործը քննության փուլում է, թույլ տվեք ձեռնպահ մնալ անուններ հրապարակելուց: Քննչական կոմիտեն երեկ հրապարակել էր, թե քանի անձ կա ձերբակալված և որքան վնաս է պատճառվել պետությանը»,- ասաց Վ. Հարությունյանը:
Նա հավելեց, որ համակարգը մաքրելու փուլում դեռ կան մարդիկ, որ չեն հասկանում, որ եկել է վերափոխվելու ժամանակը և նման զանցանքներից պետք է զերծ մնան: «Ես մեր մեղքի բաժինն այս ամենի մեջ զգում եմ, բայց կրկնում եմ, որ մեր ջանքերի շնորհիվ են բացահայտվել մեղավորները: Մեղքի բաժին ունեն ոչ միայն կաշառվող մաքսավորները, այլ նաև կաշառողը, ներկրողը, այդ խնձորը վաճառողները: Մենք մեր մեղքի բաժինն ունենք, և ես հայտարարում եմ, որ այդ մարդիկ պատժվելու են»,- ասաց Հարությունյանը:
ՀՀ ՊԵԿ նախագահը խոստանում է, որ պայքար է մղելու կոռուպցիոն երևույթների դեմ և ամեն ինչ անելու է նման երևույթները նվազագույնի հասցնելու համար: «Ես չգիտեմ՝ որքանով ինձ կհաջողվի բացառել կոռուպցիոն երևույթները, բայց ամեն ինչ անելու եմ դրա համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության տվյալների համաձայն՝ ադրբեջանական խնձորի ու այլ գյուղմթերքի մաքսանենգ ներկրման գործով պետությանը պատճառվել է 8 մլն դրամի վնաս: