Թրամփը Քոմիին ազատեց ՀՀԲ-ի տնօրենի պաշտոնից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հետաքննությունների համապետական բյուրոյի (ՀՀԲ) տնօրեն Ջեյմս Քոմիին ազատել է իր պարտականությունների կատարումից: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
«ՀՀԲ-ն մեր երկրի ամենահարգված ինստիտուտներից մեկն է, եւ այս օրը մեր իրավապահ մարմինների հպարտության առարկայի համար նշանավորում է նոր սկիզբ»,-մեջբերում է անում Սպիտակ տունը Թրամփի խոսքից: Ուղերձում, որը Քոմիին է հանձնել սուրհանդակը, ընդգծված է, որ պաշտոնից նրա ազատումն «ուժի մեջ է մտնում անմիջապես», իսկ ազատման պատճառն այն Է, որ նա «չի կարողացել արդյունավետ
կերպով ղեկավարել ՀՀԲ-ն»:
Նախագահը ՀՀԲ-ի տնօրենին ծանուցում է, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարից եւ առաջին փոխնախարարից ստացել է առանձին դիմումներ միեւնույն հանձնարարականով՝ պաշտոնաթող անել Քոմիին: «Ես ընդունեցի նրանց հանձնարարականը, եւ դուք սույնով զրկվում եք լիազորություններից եւ ազատվում եք պաշտոնից»,-հայտնում է Թրամփը՝ հավելելով, որ որոշումն «ուժի մեջ է մտնում անմիջապես»:
Քոմին ՀՀԲ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցրել է չորս տարուց պակաս: Նա Բյուրոյի ղեկավար է նշանակվել 2013 թվականի հունիսին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից: 2013 թվականի հուլիսին Սենատը նրան հաստատել է այդ պաշտոնում:
Նրա օրոք է բացահայտվել դեմոկրատներից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմից ծառայական նամակագրության կանոնների խախտումների գործը: Ավելի ուշ Քլինըոնը Քոմիին մեղադրել է, որ հենց այդ հետաքննությունն է դարձել ընտրություններում իր պարտության պատճառը: ՀՀԲ-ի տնօրենի պաշտոնում Քոմին նաեւ ղեկավարել է Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի աշխատակիցների ենթադրյալ կապերի հետաքննությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: