Որոնք են ապրելու համար ամենանպաստավոր քաղաքները
Վելինգթոնը (Նոր Զելանդիա), Էդինբուրգը (Շոտլանդիա) եւ Վիեննան (Ավստրիա) կյանքի ամենաբարձր որակով առանձնանում են աշխարհի խոշոր քաղաքների թվում. այս եզրակացության են հանգել Deutsche Bank-ի վերլուծաբանները, որոնք ուսումնասիրել են կեցության արժեքը, աղտոտվածության մակարդակը, կլիմայական պայմանները, բնակարանի գները եւ այլ գործոնները:
Ինչպես գրում է Financial Times-ը, փորձագետները՝ Ջիմ Ռիդի գլխավորությամբ, հենվել են Numbeo քրաուդսորսինգային կայքի տվյալների վրա:
Առաջին տասնյակում տեղ գտած քաղաքներից ոչ մեկը չի կարելի ապրուստի առումով էժան համարել, բայց դրա հետ մեկտեղ դրանց մեծ մասում բարձր են բնապահպանական մաքրության, տրանսպորտային հասանելիության (բացառությամբ Վելինգթոնի) եւ առողջապահության ցուցանիշները:
Չորրորդ տեղը փորձագետները հատկացրել են Մելբուռնին, հինգերորդը՝ Ցյուրիխին: Երկրորդ հնգյակում հայտնվել են՝ Կոպենհագենը, Օտտավան, Բոսթոնը, Ամստերդամը եւ Սիդնեյը:
Ամենամեծ եւ խիտ բնակեցված քաղաքները, ներառյալ Լոնդոնը եւ Նյու Յորքը, հայտնվել են ցուցակի վերջնամասում:
Սակայն Deutsche Bank-ի վերլուծաբաններն ընդգծում են, որ ուսումնասիրության մեջ հաշվի չեն առնվել սոցիալիզացիայի եւ ուրախ ժամանցի հնարավորությունները, իսկ շատերը Լոնդոնը կամ Նյու Յորքն են ընտրում հենց այդ պատճառով:
Կյանքի որակի վերաբերյալ քաղաքների հեղինակավոր վարկանիշում, որը կազմվել է Mercer կոնսալտինգային ընկերության կողմից, 2017 թվականին աշխարհում առաջին տեղը պահպանել է Վիեննան, երկրորդը՝ Ցյուրիխը, Վելինգթոնը հայտնվել է 15-րդ, իսկ Էդինբուրգը՝ 45-րդ հորիզոնականում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: