
«Բարեբախտաբար, այժմ վերականգնման նշաններ կան». Վարդան Արամյան

Երկու անընդմեջ տարիների հիմնական շոկերից հետո, իհարկե, Հայաստանի ներքին սպառումն ինչ-որ չափով տուժել էր: Այս մասին emerging-europe.com-ի գլխավոր խմբագիր Էնդրյու Վրոբելին տված հարցազրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով` Հայաստանի ներքին շուկայի սպառումը մի փոքր թուլություն է դրսևորում:
«Համախառն ազգային տնօրինելի եկամուտը ևս նվազել է: Բարեբախտաբար, այժմ վերականգնման նշաններ կան: Կան որոշ առաջատար ցուցանիշներ (օրինակ` մանրածախ առևտրի կատարումը), որոնք կարող են վկայել սպառման հնարավոր վարքագծի մասին, քանի որ սպառման վիճակագրությունը սովորաբար հրապարակվում է շատ ավելի ուշ: Եթե մենք նայենք մանրածախ առևտրին ամսվա կտրվածքով, մինչ 2016 թվականի հոկտեմբեր ամիսն այն նվազել է: Այնուհետև այն սկսեց շարժվել հակառակ ուղղությամբ, և տարեկան կատարումը ամփոփվեց մանրածախ առևտրի համար դրական աճով. մոտավորապես մեկ տոկոս աճ»,- ասել է Արամյանը:
Անդրադառնալով գլխավոր խմբագրի այն դիտարկմանը, թե Հայաստանում գործազրկության նվազում է նկատվում, և թե ինչը կարող է ընկած լինել դրա հիմքում, նախարարը պատասխանել է, որ 2014, 15 և 16 թվականներին տնտեսական աճը հիմնականում ապահովում էին այն ոլորտները, որոնք ինտենսիվ աշխատանք են պահանջում, գյուղատնտեսական և ծառայությունների ոլորտները: