Դոնալդ Թրամփը կտրուկ կիջեցնի հարկերը

Նախորդ շաբաթ Սպիտակ տունը ներկայացրեց, իր իսկ խոսքով, ԱՄՆ-ի պատմության մեջ հարկերի մեծագույն նվազեցման ծրագիրը. «Բիզնեսները հարկային բեռի հսկայական նվազեցում կստանան»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Գործարարներից շատերի համար դա կնշանակի հարկային բեռի նվազեցում 39-ից մինչեւ 15 տոկոսով.

«Կարծում եմ, հարկերի իջեցումն ինձ թույլ կտա նոր սարքավորումներ գնել», – ասում է DILLY LILY ծաղկի սրահի սեփականատեր Ռիք Մքուեյը:

Մասնագետների խոսքով սակայն, Սպիտակ տան ներկայացրած մեկ էջանոց առաջարկներն առայժմ դժվար է ծրագիր անվանել: Այն ուղղակի նախանշում է նոր վարչակազմի առաջնահերթությունները: Մասնավոր հարկատուների համար կրկնապատկվելու է չհարկվող նվազագույն եկամուտի չափը.

«Միջին եկամուտ ունեցող ընտանիքները մեր հաշվարկով կվճարեն շուրջ մեկ ու կես տոկոսով քիչ հարկեր», – ասում է «Հարկային հիմնադրամ» կազմակերպության ներկայացուցիչ Սքոթ Գրինբերգը:

Սակայն ամենից շատ շահելու են բարձր եկամուտ ունեցողներն, ում հարկերը նվազելու են 16 տոկոսով:

«Սա ուղղակի հարկերի հսկայական նվազեցում է ամենահարուստների համար», – ասում է Բրուքինգս հաստատության վերլուծաբան Ուիլյամ Գեյլը:

Մասնագետների խոսքով, հենց այնպես դրամը չի գոյանում, եւ ամերիկյան նոր վարչակազմին մնում է միայն զգալի նվազեցնել պետական ծախսերը կամ կտրուկ բարձրացնել երկրի տնտեսությունը: Հակառակ դեպքում հարկերի նվազեցումը ապագայում կհանգեցնի ԱՄՆ-ի պարտքի ավելացմանը 5 եւ ավելի տրիլիոն դոլարի չափով:

Տեսանյութեր

Լրահոս