Երևանում կայացել է Սանկտ Պետերբուրգի հետ առևտրատնտեսական համագործակցության թեմայով կլոր սեղան
Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում տեղի է ունեցել «Առևտրատնտեսական համագործակցություն» թեմայով կլոր սեղանքննարկում: Հանդիպմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, Սանկտ Պետերբուրգի ձեռնարկատիրության և սպառողական շուկայի զարգացման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լիդիա Գրոմովան, ինչպես նաև` ներկայացուցիչներ Սանկտ Պետերբուրգի 11 և Երևանի 40 ընկերությունից:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով Երևանում ներդրումային հնարավորություններն ու առկա ներդրումային փաթեթները` քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը հատկանշել է այս հարցում քաղաքային իշխանության դիրքորոշումը:
«Երևանի քաղաքապետի որդեգրած քաղաքականությամբ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է իր լիազորության շրջանակում աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանն ու դաշտի ակտիվացմանը, ինչը ներդրողների ներգրավման համար, կարծում եմ, կարևոր հանգամանք է: Հատկապես վերջին տարիներին մայրաքաղաքում ձևավորված բարենպաստ ներդրումային դաշտը հեռանկարային է, շահավետ և խոստումնալից ներդրողների համար: Մենք կարևորում ենք Սանկտ Պետերբուրգի հետ համագործակցության ընդլայնումն ու զարգացումը և վստահ ենք, որ առաջիկայում կունենանք համատեղ նոր ծրագրերի շուրջ գործնական առաջարկներ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են նաև երկու գործընկեր քաղաքների միջև տնտեսական համագործակցության արդյունքները, ներկայացվել կատարված աշխատանքները: Զեկույցներում հատկապես կարևորվել է փորձի փոխանակումը, որի շրջանակում Սանկտ Պետերբուրգի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ պարբերաբար այցելում են Երևան: Քննարկվել են նաև հետագա փոխշահավետ համագործակցության հեռանկարները, համատեղ ծրագրերի տեսլականները: