Ահա թե ինչ պայմանավորվածություն է եղել Ծառուկյան դաշինքում. lragir.am

ԲՀԿ-ական պատգամավորներն այս օրերին «ընդհատակում» են, ինքնաբացարկների և դրան հաջորդած զարգացումների մասին խուսափում են կարծիք հայտնել։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու, տեղի ունեցածի վերաբերյալ կարծիք հայտնելու ցանկություն չունի. «Իմ թիմն է, իմ ընկերներն են բոլորը, և այս ամենն ինձ համար շատ ցավալի է, դրա համար ես կարծիք հայտնելու ցանկություն չունեմ, իմ ներքինը կիսելու ցանկություն չունեմ, հասկանո՞ւմ եք՝ դա  իմ ներքինն է, որը ես իմ մեջ կպահեմ»,- Lragir.am-ի հետ զրույցում ասել է պատգամավորը։

Մի քանի օր առաջ կայքի հետ զրույցում Լյովա Խաչատրյանը, անդրադառնալով Ծառուկյանի՝ պատգամավորների ցանկը կազմելու միանձնյա քաղաքականությանը, ասել էր. «Որ Ծառուկյանը պետք է որոշի, դա միանշանակ է, դրա իրավունքը նա ունի։ Եղել է ջենթլմենական պայմանավորվածություն, որի մասին ես ասել եմ։ Ես համարում եմ, որ բարոյական չի լինի հիմա բան ասելը՝ ոնց կորոշի, այնպես էլ կլինի։ Չեմ կարծում, որ ապրած կյանքի փոփոխության հետ կապված որևէ արժեք ունի մանդատի գինը։ Ոնց ապրել ենք, այնպես էլ կապրենք, ոնց գնահատեն, այդպես էլ ճիշտ է»։

Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ այս պայմանավորվածության մասի՞ն է խոսքը. «Դրանով էլ սահմանափակվեք։ Սա ինձ համար մի փոքր այլ է, ես այդ թիմի անդամ եմ, բոլոր կողմերից է ցավալի, և սա ինձ համար քաղաքական գործընթաց չէ», հավելել է նա։ Հարցին՝ սա թիմի, լիդերի հեղինակության վրա բացասական ազդեցություն չի՞ թողնում, Լյովա Խաչատրյանը կրկնել է. «Սա իմ ներքին խնդիրն է, կիսվել չեմ ցանկանում»։

Տեսանյութեր

Լրահոս