«Ապստամբություն «Ծառուկյան» դաշինքում. դաշինքը պառակտված է». Քաղաքագետ

««Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցած դեպքերը, որ սկսվեցին երեկ երեկոյան և հանգուցալուծվեցին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ես բնութագրում եմ ապստամբություն «Ծառուկյան» դաշինքում, որը նաև խնդիրներ կստեղծի «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ներսում խորհրդարանում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նրա խոսքով՝ այս ամենն իր բացասական հետևանքները կունենա 7-րդ գումարման Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ խմբակցության համար. «Իմ կարծիքով՝ այս  ըմբոստ պատգամավորների թեկնածուները, որոնք հայտարարեցին վերջին ժամերին, որ իրենք ոչ մի ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել և մտադրություն չունեն վայր դնել իրենց պատգամավորության լիազորությունները, դեռ իրենց խոսքն ունեն ասելու, իմ կարծիքով՝ նաև «Ծառուկյան» դաշինքի ղեկավարությունը՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, ևս պետք է պարզաբանի՝ ինչ տեղի ունեցավ «Ծառուկյան» դաշինքի հետ, որը, դեռ 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը չսկսված, արդեն հայտնվեց այսպիսի սկանդալային իրավիճակում, և, կարելի է ասել, որ այն արդեն պառակտված է»:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ո՞վ է ում խաբել, Գ. Համբարյանն այսպես պատասխանեց. «Բոլորս էլ տեղյակ ենք, որ բոլոր քաղաքական գործիչները, որոնք այս կամ այն քաղաքական ուժի հետ մասնակցում են ԱԺ ընտրություններին, մինչև ընտրություններին մասնակցելը թուղթ են ստորագրում, որի հիման վրա հետագայում իրենց անունից կուսակցության ղեկավարությունը կարող է ինքնաբացարկի հայտարարություն տալ ու համապատասխանաբար՝ զրկել հաղթող կամ առաջատար թեկնածուներին իրենց լիազորություններից: Խնդիրը այստեղ այն է, որ «Ծառուկյան» դաշինքի ղեկավարությունը՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, շատ կոպիտ սխալ կատարեց, իրենք փորձեցին պատգամավորական լիազորություններից զրկել այն մարդկանց, ովքեր բավական մեծ ձայներ էին հավաքել ռեյտինգային ցուցակներով, սա հենց այնպես չէր ընդունվի: Մարդիկ, ովքեր բավական մեծ ձայներ էին բերել կուսակցությանը, պարզվում է, առանց իրենց տեղյակ պահելու՝ զրկվում են պատգամավորական լիազորություններից, և նրանց փոխարեն ԱԺ են տանում մարդկանց, որոնք շատ ավելի քիչ ձայներ են հավաքել կուսակցության համար, ու պարզվում է, որ այդ մարդիկ շատ սերտ բարեկամական կապերի մեջ են պարոն Ծառուկյանի հետ»:

Քաղաքագետը նկատեց, որ այլ բան է, երբ Գ. Ծառուկյանը համապետական ցուցակով անցած որոշ քաղաքական գործիչների է զրկում պատգամավորական լիազորություններից. «Որովհետև շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ այդ անցողիկ տեղերում կան մարդիկ, ովքեր հասարակության մոտ 0,01 տոկոս ռեյտինգ չունեն, ու այդ մարդկանց պատգամավորական մանդատից զրկելն արդեն պարոն Ծառուկյանի գործն է, որովհետև այդ մարդիկ, իրոք, պարոն Ծառուկյանի ուսերին նստած են եկել ԱԺ: Այս «ապստամբ» թեկնածուներից կան մարդիկ, որ մի անգամ ելույթ չեն ունեցել ԱԺ-ում, բայց չի կարելի հերքել նաև այն, որ այս մարդիկ բավական ձայներ են բերել «Ծառուկյան» դաշինքին, և իրենք պետք է շատ դժգոհ լինեին դաշինքի այն որոշումից, որ իրենք զրկվում են պատգամավորական մանդատից»:

Տեսանյութեր

Լրահոս