Մուշեղ Սաղաթելյանը ԿԸՀ ներկայացած ինքնաբացարկների գործից հանցագործության «հոտ» է առնում
«Բոլոր կուսակցություններն ունեն սատանայական թուղթ»,- այս մասին այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մուշեղ Սաղաթելյանը։
Նա միաժամանակ հայտարարեց, որ մանդատ ստանալու դեպքում ԱԺ-ում արդար կաշխատի, ինչպես մինչև հիմա աշխատել է։ Սաղաթելյանի խոսքով՝ ԿԸՀ ներկայացած ինքնաբացարկների գործից հանցագործության «հոտ» է առնում։
Դաշինքի մեկ այլ թեկնածու Հրանտ Դավթյանը, ում անունից նույնպես ինքնաբացարկի դիմում է ներկայացվել ԿԸՀ, լրագրողներին հայտարարեց, որ ինքը ստորագրել է նման բովանդակության թղթի տակ, սակայն հիմա մտափոխվել է։
Նա վստահեցրեց, որ իր հանդեպ ճնշումներ չեն եղել և դա իր ցանկությունն է եղել։
Նապոլեոն Ազիզյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով Նապոլեոն Ազիզյանը մանդատից հրաժարվելու դիմում չի գրել։ Նրա խոսքով՝ ընտրության հաջորդ օրվանից անձամբ տանից դուրս չի եկել. «Մենք ոնց հասկացանք՝ այս կատարվածը համատարած է։ Սա հանցագործություն է միանշանակ»։
Դաշինքի թեկնածուներից Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ մանդատից հրաժարվելու դիմումի տակ ինքը չի ստորագրել, ուստի վիրավորված է նման վերաբերմունքից, և պետք է պաշտպանի իր ընտրողների քվեները։ «Ծառուկյան» դաշինքում ստեղծված այս իրավիճակը Սերգեյ Բագրատյանը բնորոշեց որպես պառակտում և հայտարարեց, որ մեղավորները պետք է պատժվեն։