Բաժիններ՝

«Ես տխուր նորություններ ունեմ Սաշայի մասին». Լապշինի կինն ահազանգել է ամուսնու առողջական վիճակի վատացման մասին

Ադրբեջանում բանտարկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինն ահազանգել է ամուսնու առողջական վիճակի վատացման մասին` հայտնելով, որ նրա մոտ սկսվել է նյարդացավ:

Եկատերինան մասնավորապես հայտնել է. «Ես տխուր նորություններ ունեմ Սաշայի մասին: Թեպետ նա այս պահին քննչական մեկուսարանի սանիտարական բաժնում է, սակայն դա դրական չի ազդում նրա առողջության վրա: Տախիկարդիային ավելացել է նյարդացավը: Տեղական բժիշկն ասել է, որ դա սթրեսի հետևանք է»:

Լապշինի կինը հայտնել է, որ մայիսի 2­ին ամուսինը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ ցավեր ունի գոտկատեղի շրջանում, սուր ցավ ոտքում, ինչը թույլ չի տալիս նորմալ քայլել, նստել ու վեր կենալ, իսկ գիշերները գալարումներ ձկնամկաններում:

«Նման վիճակը պահանջում է անցկացնել լուրջ հետազոտություն և բուժում հիվանդանոցում, այլ ոչ թե բուժկետում»,­-նշել է Եկատերինան:

Նա կանխատեսել է, որ Ադրբեջանի արդարադատության նախարարություն արված իր հերթական դիմումին կպատասխանեն տեղական ԶԼՄ­-ները` գրելով, թե Լապշինը «որևէ բողոք չունի», կհիշեն Ասքերովին, կքարկոծեն Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային և կտեղադրեն Բելառուսում արված Լապշինի լուսանկարը:

«Չէ որ Սաշայի ներկա լուսանկարը շատ հանգիստ կարող է պատմել, թե ինչպես է անցնում կալանքի տակ մնալու ադապտացիան»,­-եզրափակել է Լապշինի կինը:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7­-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5­-8 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս