Սոչիում ընթանում է Պուտինի և Էրդողանի հանդիպումը
Սոչիում սկսվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հանդիպումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ռուսաստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին Սոչի ժամանելու համար: «Շատ լավ է, որ մենք հնարավորություն ունենք հանդիպելու աշխատանքային ռեժիմով, խոսելու երկկողմ փոխգործակցությունների հանգուցային հարցերի շուրջ»,-ընդգծել է նա: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ դա խոսում է այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները ձեռք են բերում հատուկ կարգավիճակ եւ վերականգնվում են ամբողջ ծավալով:
Իր հերթին Թուրքիայի նախագահը նշել է, որ Մոսկվայի եւ Անկարայի համատեղ քայլերը կարող են ազդել Մերձավոր Արեւելքի վրա: «Մեր ուսերին ընկած է շատ լուրջ աշխատանք, շատ մեծ պատասխանատվություն: Եվ ես վստահ եմ, որ այն քայլերը, որոնք մենք միասին ենք անում, կփոխեն ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը»,-ասել է Էրդողանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ բանակցությունների գլխավոր թեման լինելու է սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորումը: